Այսօր առավոտյան մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի վեցերորդ խորհրդարանական ընտրությունները։
Ընտրություններում պայքարում են ղարաբաղյան 7 քաղաքական ուժեր: Երկրի խորհրդարանի 33 պատգամավորից 22-ն կընտրվեն համամասնական, 11-ը` մեծամասնական ընտրակարգով:
Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերը դժգոհում էին անհավասար պայմաններից, իշխող կուսակցությունը պնդում էր, թե քարոզարշավն անցել է ժողովրդավարական երկրի կանոններին համահունչ:
Թեև միջազգային հանրությունը հայտարարում է, թե չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները, այդուհանդերձ, այս ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ են ներկայացրել նաև տասնյակ միջազգային դիտորդներ։ Ընդհանուր առմամբ մոտ 100 հոգի, այդ թվում եվրոպացի, ամերիկացի, Խորհրդային Միության նախկին երկրներից ժամանած դիտորդներ հավատարմագրվել են Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: