Ատոմակայանի շահագործման վարկը մարելու համար 2019-ից հոսանքը կթանկանա

Your browser doesn’t support HTML5

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարի խոսքով, հոսնաքը կթանկանա 2.5 դրամով:

Այսօր խորհրդարանում շարունակվում էին ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար Ռուսաստանից վարկ վերցնելու հարցի քննարկումները։ Դրանց արդյունքում պարզ դարձավ, որ այդ աշխատանքները իրականացնելու համար վերցվող 270 միլիոն դոլարի վարկը մարելու նպատակով, ինչպես նշեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, 2019 թվականից պետք է 2.5 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։

«Պարտադիր պետք է վերցնենք, պարտադիր էդ աշխատանքները պետք է կատարենք, եթե չկատարենք և էներգոբլոկը կանգնեցնենք, ինքը շատ ավելի էժան է, նույնիսկ էդ 2.5 դրամով հանդերձ, քան թե ցանկացած այլ հզորություն, որ մենք ստիպված կլինենք նրա տեղը օգտագործել», - ասաց Արեգ Գալստյանը:

Վերանորոգված ատոմակայանը հնարավոր կլինի շահագործել մինչև 2026 թվականը, իսկ դրանից հետո, ըստ Գալստյանի, կկառուցվի նորը, որի համար դեռ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չկան։

Խորհրդարանում հարցի քննարկումը բուռն անցավ: Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այսպիսի հարցերի քննարկման ժամանակ ակնհայտ է դառնում, որ կառավարությունը պարզապես ծրագիր չունի: Նա հիշեցրեց, որ գործող ատոմակայանը վերանորոգելու փոխարեն, պետք է նոր ատոմակայան կառուցվեր։

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ 2018 թվականին երկրորդ բլոկը աշխատելու էր: Յա, իրո՞ք, դե արի ասա, ո՞ւր ա բա: 5 միլիարդ դոլարի ծրագիր ա բլոկի հարցը: Ֆինանսական որևէ հեռանկարային աղբյուր ունե՞նք, չունենք», - ընդգծեց Մանուկյնաը:

«Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանն էլ հիշեցրեց էլեկտրաէներգիայի վերջին թանկացումը և ասաց, որ դրա համար հիմք էր հանդիսացել նաև այն, որ ատոմակայանը 2.5 ամսով փակվել էրվերանորոգման համար, մինչդեռ այս վարկով նախատեսվում է, որ վերանորոգման համար ատոմակայանը պետք է փակվի 6 ամսով։ Նրա խոսքով, պետք է հաշվարկել, որ դրա արդյունքում թանկացումը կարող է ավելին լինել քան 2.5 դրամը:

«Ի՞նչ եք կարծում, եթե ատոմակայանը 2017 թվականին նախատեսված է, որ 6 ամիս պետք է կանգնի, 88 օրը որտեղ, 6 ամիսը որտեղ․․․», - ընդգծեց Մելքումյանը:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ զգուշացրեց՝ որքան բարձրանա Էլեկտրաէներգիայի սակագինը, այնքան կքչանա սպառողների քանակը։

«Էդ պայմաններում, իմ տնտեսագիտական գիտելիքներով միայն խելագարը սակագին կբարձրացնի, որովհետև 12.5 տոկոսը կդառնա 25 տոկոս իջեցում, և վնասը ընկերության կավելանա», - հայտարարեց Բագրատյանը:

Անընդհատ ինչ-որ բան թանկանում է, գնագատվեց պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա կարծիքով, եթե այսպես շարունակվի, սպառող չի մնա։

Չնայած բուռն քննարկմանը, պատգամավորները համաձայն էին, որ վարկը պետք է, քանի որ ատոմակայանը պետք է շարունակի աշխատանքը։ Հանրապետական խմբակցությունից Խոսրով Հարությունյանն էլ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը կոչ արեց այլընտրանքային էներգետիկայի զարգացման ծրագիր ստեղծել։