Ծանր հիվանդությունից հետո, երեկ ուշ երեկոյան 65 տարեկան հասակում վախճանվել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Միլիտոսյանը, տեղեկացնում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) լրատվության բաժինը:
«Նա շռնդալից հաղթանակներ է տոնել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում. ԽՍՀՄ հավաքականում, 75 կգ քաշային կարգի առաջատարը, դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի հնգակի ռեկորդակիր, տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և միջազգային պաշտոնական մրցաշարերում: Փաստորեն, որոշակի տեղատվությունից հետո, նրա շնորհիվ Հայաստանում վերսկսվեց ծանրամարտի վերելքը», - ասված է ՀԱՕԿ-ի հաղորդագրությունում:
Կոմիտեն ծանր կորստի առթիվ ցավակցել է Միլիտոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին, ընկերներին: