Հայաստանը ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցող երկիր է: Այս գնահատականն է տվել միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն՝ ամփոփելով 2014 թվականին 199 երկրներում խոսքի ազատության պատկերը: Հայաստանը Ալժիրի հետ նույնքան՝ 61 միավորով կիսում է 135-136-րդ տեղերը:
188-րդ հորիզոնականը զբաղեցրած Ադրբեջանը նույնպես ոչ ազատ երկրների շարքում է: Հետընթացի համար հիմք է հանդիսացել «Ազատություն» ռադիոկայանի հիմնադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանավորումը:
Բելառուսի ցուցանիշներն ավելի վատթար են. Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանից ավելի երկար փորձ ունեցող Բելառուսը Freedom House-ի աղյուսակում 194-րդն է։ Բելառուսից վատթար վիճակում են, մասնավորապես, զեկույցում առաջին անգամ հիշատակված Ղրիմը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը: Ռուսաստանը խոսքի ազատության առումով նույնպես ոչ ազատ երկրների շարքում է, 199 երկրների ցանկում 181-րդն է:
Ռուսաստանը քննադատության է արժանացել առավել ակտիվ և ագրեսիվ քարոզչության համար: Իրավապաշտպանները նշում են, որ անցյալ տարի Ռուսաստանում առանձնակի ուշադրություն է գրավել հեղինակային լրագրության սահմանափակման միտումը:
Հատուկ քննադատության է արժանացել Ռուսաստանի հանրային հեռուստատեսության գործելակերպը՝ ընդդիմության նկատմամբ ընդգծված վերաբերմունքի համար: Իրավապաշտպանները կարծիք են հայտնել, որ հանրային հեռուստաընկերության քարոզչությունը մեծ դերակատարում է ունեցել Ուկրաինայի դեմ պատերազմին Ռուսաստանի քաղաքացիներին նախապատրաստելու հարցում:
Մամուլի ազատության ցածր ցուցանիշներ է գրանցել Հայաստանի հարևան Իրանը, ինչպես նաև ամիսներ առաջ տասնյակ լրագրողների ձերբակալած Թուրքիան, որը նախանցյալ տարվա համեմատ հետընթաց է արձանագրել 3 միավորով՝ նաև խոսքի ազատությունն օրենսդրական ակտերով սահմանափակելու պատճառով:
Եվրոպական ինտեգրացիայի ճանապարհը նախընտրած Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների ցանկում են:
Աշխարհում ոչ ազատ մամուլ ունեն երկրների 32 տոկոսը կամ 65 երկիր, մասամբ ազատ է 36 տոկոսը կամ 71 երկիր։ Ազատ մամուլ ունի աշխարհի երկրների 32 տոկոսը կամ 63 երկիր: Խոսքի ազատության ցուցանիշներով առաջատար երկիներն են՝ Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Դանիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը:
Ըստ Freedom House-ի, 2014 թվականին աշխարհում կտրուկ վատացել են լրատվամիջոցների գործունեության պայմանները, լրագրողների դեմ բռնությունները և օրենսդրական սահմանափակումները հանգեցրել են խոսքի ազատության գլոբալ ճգնաժամի՝ արձանագրելով ամենավատ արդյունքը վերջին տասը տարվա ընթացքում։