Կյանքից հեռացավ Հայաստանում ԱՄՆ-ի առաջին դեսպանը

Հայաստանի բարեկամ և հեղինակավոր դիվանագետ Հարի Գիլմորը մինչև կյանքի վերջին օրերը նպաստում էր Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

ԱՄՆ-ում կյանքից հեռացավ Հայաստանում Միացյալ Նահանգների առաջին դեսպան Հարի Գիլմորը:

Հայաստանի բարեկամ և հեղինակավոր դիվանագետ Հարի Գիլմորը մինչև կյանքի վերջին օրերը նպաստում էր Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

Գիլմորը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան էր նշանակվել 1993 թվականին՝ երկրի համար ամենածանր տարիներին, ասում է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին: «Նա Հայաստան ժամանեց չափազանց բարդ ժամանակ. Հայաստանը նոր էր անկախացել և լուրջ մարտահրավերների առջև էր կանգնած՝ շարունակվում էր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակումը, վառելիքի պակաս կար, սնունդ չկար, և դեսպան Գիլմորն ամեն կերպ փորձում էր երաշխավորել, որ հայ ժողովուրդը օգնություն ստանար, ինչի համար մենք նրանից միշտ շնորհակալ կլինենք», - նշում է Արդունին:

Երեք տասնյակից ավելի տարիներ դիվանագիտական ծառայության մեջ գտնվող Հարի Գիլմորը բազմաթիվ ճգնաժամեր էր կարողացել կարգավորել: 1980-ականների վերջին հենց նա էր Բեռլինի ամերիկյան պարետային ծառայության տեղակալը, երբ փլուզվեց Բեռլինի պատը, և հենց նա էր ապահովում անվտանգությունը, երբ Արևելյան Բեռլինի հազարավոր բնակիչներ քաղաքի արևմտյան կողմն անցան:

«Ամերիկան հզոր և հարգված պետություն է նաև այն պատճառով, որ մենք լավ դիվանագետներ ենք ուղարկում, ինչպիսին էր Հարի Գիլմորը»:

Նա իրոք շատ լավ դիվանագետ էր: Գիլմորի՝ որպես Երևանում ԱՄՆ-ի դեսպան պաշտոնավարման երկու տարիներին Հայաստանը սկսեց ոտքի կանգնել, որոշ չափով կարգավորվեցին սննդամթերքի, վառելիքի և էլեկտրականության խնդիրները, կնքվեց զինադադարը, և երկիրը շունչ քաշեց:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը ընդգծում է Գիլմորի կարևոր դերը երկկողմ հայ - ամերիկյան հարաբերությունների հաստատման գործում: «Մենք մինչ այսօր դեռ օգտվում ենք իր սկսած գործերի բարիքներից», - ասում է նա:

Գիլմորն այն եզակի դիվանագետներից էր, ով անընդհատ Վաշինգտոնում գտնվող իր ղեկավարների հետ էր կապվում և պահանջում իրեն երաշխավորել, որ Հայաստանը ժամանակին կստանա նախատեսված հումանիտար օգնության հերթական մասը:

«Նա շատ համեստ անձնավորություն էր, շատ խելացի ու հոգատար մարդ, ու նա իրոք սրտանց օգնում էր հայ ժողովրդին»:

Մինչ կյանքի վերջին տարիները արդեն դիվանագիտական պաշտոնից հեռացած Հարի Գիլմորը փորձում էր ամեն կերպ նպաստել Հայաստանի շուրջ խաղաղության հաստատմանը: