Վերջին օրերի հորդառատ անձրևների ու ձնհալի պատճառով Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանում տեղի ունեցած փլուզումից հետո իր երեք անչափահաս երեխաների հետ գետամերձ տնակում ապրող Մարինե Դիլանյանը և նրա քույրը՝ երկու անչափահաս երեխաների հետ մոտակա տնակում ապրող Կարինեն, կորցրել են քունը:
«Ուժեղ անձրևի ժամանակ՝ գիշերը, որ սելավը գալիս է, անընդհատ քույրիկիս զանգում եմ: Կարինե՛, ասում եմ, արթո՞ւն ես: Ինքը ասում է ինձ՝ հա, ես իրեն ասում եմ՝ հա: Անընդհատ ասում եմ․․․ կարող է, էլի՜․․․», - պատմում է Մարինե Դիլանյանը:
Տնակները վերջին փլվածքից մի քանի մետր է բաժանում: Այստեղ մշտապես խաղում են երեխաները: Մարինեն ասում է, որ վախենում է իր երեխաների կյանքի համար: Տուն գնելու, կամ նոր տնակ ձեռք բերելու հնարավորություն չունեն, պատմում է նա: Ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի և հազիվ երեք երեխաների ծախսերն է հոգում:
Փլուզումից հետո քաղաքապետարանից ներկայացուցիչներ են եկել և խորհուրդ տվել տնակները տեղափոխել ավելի ապահով վայր: Մարինեն ցույց է տալիս տնակի տարբեր անկյուններում անձրևաջրերի համար նախատեսված դույլերը, խոնավությունից փափկած պատերն ու ամեն պահ փուլ գալու պատրաստ առաստաղը: Տեղափոխելու դեպքում տնակից ոչինչ չի մնա, ասում է նա:
Երկու քույրերի ճակատագրով անհանգստացած են նաև հարևանները:
«Հնարավորություն կա՞, մի շնորհքով դոմիկ տան, կամ ապահովեն երկու քվորով», - ասում է հարևանուհին՝ տիկին Արաքսիան: - «Էս էրեխեքն էլ վազում են՝ իմ ջանը դողդողում ա», - հավելում է նա:
Քաղաքապետի մամուլի քարտուղար Էդվարդ Արզումանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քաղաքապետարանի կոմունալ բաժինը պարբերաբար գետի հունի մաքրման աշխատանքներ է կատարում: Բացի այդ աշխատանքներ են տանում հետագա փլուզման վտանգը չեզոքացնելու ուղղությամբ: Իսկ ինչ վերաբերում է Դիլանյան քույրերի անվտանգության խնդրին, Արզումանյանը խորհուրդ տվեց բնակիչներին գրավոր դիմել քաղաքապետարան, ինչից հետո խնդիրը կքննարկվի:
Նրա խոսքով, քաղաքապետարանը փորձում է անօթևանների խնդիրը լուծել բարեգործական հիմնադրամների միջոցով, բայց այսօրվա դրությամբ ավելի քան 600 ընտանիքներ դեռ ապրում են կիսախարխուլ տնակային ավաններում: