«Բարսելոնա»-ի հայտնի ֆուտբոլիստ, Բրազիլիայի ազգային հավաքականի անդամ Դանի Ալվեսը ապրիլի 24-ին Թուրքիային կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հաջորդ օրը երեկոյան ներողություն է խնդրել իր թուրք երկրպագուներից:
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը,Դանի Ալվեսը ինտերնետում լուսանկար էր տեղադրել: Լուսանկարում նա անմոռուկի պատկերով փոքր պաստառ էր պահել, որի վրայի գրառումը Թուրքիային կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Գարդիան»-ը ապրիլի 27-ին գրել է, որ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել նրան այդ քայլի համար, սակայն բրազիլացի ֆուտբոլիստը իր վրա է ուղղել թուրք որոշ աջակիցների վրդովմունքը, ինչպես նաև շփոթություն առաջացրել «Բարսելոնա» թիմում, քանի որ ֆուտբոլային այս հայտնի ակումբի հովանավորը Turkish Airlines թուրքական ավիաընկերությունն է:
Հաջորդ օրը՝ ապրիլի 25-ին, հայտնի ֆուտբոլիստը բոլորովին հակառակ, 180 աստիճանի շրջադարձ է կատարել, Թվիթերի իր էջում գրելով. - «Ցանկանում եմ առաջարկել իմ շատ անկեղծ ներողությունը իմ բոլոր թուրք երկրպագուներին: Մտքովս երբեք չէր անցել, որ այս լուսանկարը կարող է վիրավորել ձեզ: Ես շատ ընկերներ ունեմ»:
Թվիթերի նրա էջում այս գրառման ներքո բազմաթիվ մեկնաբանություններ կան, հիմնականում՝ թուրքերեն ու իսպաներեն, անգլերենով մի քանի գրառումներ, ինչպես նաև կան հայկական անուններով օգտատերերի կողմից արված մեկնաբանություններ: Գրառումներից մեկում նշված է. - «Դու կարիք չունես ներողություն խնդրելու, դու մեծ բան ես արել: Մի՛ վախեցիր»:
Դանի Ալվեսը Թվիթերի միկրոբլոգում 4․5 միլիոն հետևորդ ունի, իսկ ավելի քան 6 միլիոն 700 հազար մարդ բաժանորդագրվել է նրա Ֆեյսբուքի էջին:
«Բարսելոնա»-ի պաշտպանությունում խաղացող բրազիլացին անցյալ տարի ամբողջ աշխարհից մեծ աջակցություն էր ստացել: 2014-ի Իսպանիայի առաջնության խաղերից մեկի ժամանակ նրա դեմ ռասիստական բնույթի արարք էր կատարվել: «Վիլյառեալ» թիմի հետ խաղի ընթացքում տրիբունայից նրա ուղղությամբ բանան էր նետվել: Սոցցանցերում այդ արարքը դատապարտող արշավ էր սկսվել, իսկ «Վիլյառեալ» թիմը տուգանվել էր 12 հազար եվրոյով:
Your browser doesn’t support HTML5