ԵԽԽՎ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված հայտարարությունը «բացառիկ էր»

Your browser doesn’t support HTML5

Ամփոփելով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը՝ վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր գնահատեց․ - «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված հայտարարությունն իր տեսակի մեջ բացառիկ էր և հռչակվեց հայկական պատվիրակության գործադրած ջանքերի շնորհիվ»։

Նա համոզված է, որ Ցեղասպանության մասին եվրոպական բարձր ամբիոնի հայտարարությունն անարձագանք չի մնա․ - «170-ից ավելի ստորագրությունը ԵԽԽՎ-ում որևէ տեքստի տակ, դա բացառիկ մի դեպք է, և այս հայտարարությունը իրավամբ բացառիկ կարելի է անվանել: 40 ավելի երկրների պատվիրակներ են ստորագրել: Այսինքն կարելի է ասել, որ չեն ստորագրել միայն Թուրքիայի սատելիտ երկրների պատվիրակները»:

Հայտարարության տեքստը դեռ երեք ամիս կշարունակի մնալ ԵԽԽՎ օրակարգում, և հայկական կողմը չի բացառում , որ 170 ստորագրություններն այս ընթացքում կավելանան։

Ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունումից բացի, պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ) կարևորում է նաև Ստրասբուգում իրենց կազմակերպած ցուցահանդեսը, որի ընթացքում ԵԽԽՎ պատգամավորներին, այդ թվում նաև Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, բաժանվել են 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներ․ - «Բացատրվել է դրանց իմաստը․ թե՛ անմոռուկների և թե՛ այդ սիմվոլիկան կրող այլ հուշանվերների»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս գոհ է գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության աշխատանքից։ Նրա խոսքով, հայ պատվիրակների ակտիվությանը թուրք պատգամավորները անգամ արձագանքել չեն կարողացել․ - «Լիագումար նիստերի ընթացքում ես տեսա, թե ինչ խղճուկ վիճակում էին հայտնվել թուրք և ադրբեջանցի պատվիրակները: Նրանցից որևէ մեկը, երբ որ հայ պատգամավորներս բոլոր ելույթներում խոսում էինք Ցեղասպանության 100-ամյակի մասին, համարձակություն չունեցավ ոտքի կանգնելու և ասելու, որ Ցեղասպանություն չի եղել»:

Պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր») Հայոց ցեղասպանությունից բացի, Ստրասբուրգում բարձրաձայնել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու Հայաստանի քաղաքական համակարգի բարելավման խնդիրները։ Շահգելդյանի խոսքով, ինքը Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել է հատկապես ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը:

Ցեղասպանության մասին խոսել ու անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Ստրասբուրգում մեկ րոպե լռության առաջարկով էր հանդես եկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նստաշրջանի օրակարգից դուրս ընդդիմադիր պատգամավորը առանձին հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ադամ Միլզի, Աքսել Ֆիշերի և Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի հետ։ Զուրաբյանը վերջիններիս ուշադրությունն է հրավիրել Մարտի 1-ի սպանությունների չբացահայտված մնալու խնդրի, ընդդիմադիր գործիչների, ազատամարտիկների ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունների և դրանք չբացահայտելու բազմաթիվ դեպքերի վրա։

Նրանց հետ զրույցներում քննարկել է նաև Շանթ Հարությունյանի և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամների հարցը․ - «Մանրամասնորեն ներկայացրել եմ, թե ինչու ենք մենք նրանց քաղաքական բանտարկյալ համարում: Շանթ Հարությունյանի դեպքում մենք ընդունում ենք, որ եղել է իրավախախտում, բայց այնուամենայնիվ, նրանք քաղբանտարկյալ են: Իսկ Ժիրայր Սեֆիլյանի դեպքում խնդիրը այն է, որ մարդկանց ներկայացրել են անհեթեթ մեղադրանքները, որը նույնպես որևէ քննադատության չի դիմանում, և ակնհայտ է, որ քաղաքական դրդապատճառներ կան»: