Պորոշենկո. «Եվրամիության դռները բաց պահեք Ուկրաինայի առաջ»

Եվրոպական խորհրդի նապագահ Դոնալդ Տուսկը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանդիպել են ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում, Կիև, 27 ապրիլի, 2015թ.

Կիևում գումարվել է Ուկրաինա - Եվրամիություն գագաթնաժողովը։

Ե՛վ դիվանագիտություն, և՛ պատժամիջոցներ

Այսօր Կիևում բացվել է Ուկրաինա - Եվրոպական միություն գագաթնաժողովը։ Օրակարգի հիմնական հարցերից մեկը փետրվարին Մինսկում ստորագրված համաձայնությունների կատարումն է։ Հրադադարի խախտումներն Արևելյան Ուկրաինայում վերջին օրերի ավելի հաճախակի են դարձել։

Այսօրվա գագաթնաժողովն առաջինն է անցյալ տարի Եվրամիության Ասոցացման պայմանագիրը կնքելուց հետո։ Օրակարգում նաև Ուկրաինայում քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացման ընթացքն է։

Ենթադրվում է, որ Կիևը Եվրամիությանը կխնդրի հրադադարին նպաստելու համար խաղաղապահներ տեղակայել Արևելյան Ուկրաինայում, որտեղ ռուս անջատականների և ուկրաինական բանակի բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 6100 մարդ։

Դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն նրանց հորդորել է իր երկրի առաջ բաց պահել Եվրամիության դռները․ - «Կոչ եմ անում Եվրոպական միությանը ընդունել, որ Ուկրաինան կարող է ապագայում անդամակցել կառույցին»։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ունի Եվրամիության մեծ օգնության կարիքը քաղաքական և տնտեսական անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար։

«Այսօրվա գագաթնաժողովը տեղի է ունենում նոր Ուկրաինայում, ընդգծում եմ՝ գագաթնաժողովն առաջինն է մեր միասնության հեղափոխությունից, մեր ժողովրդի կամքի հաղթանակից հետո, որի շնորհիվ երկիրն ընտրեց եվրաինտեգրման զարգացման ուղին, ինչը հնարավոր դարձրեց Ասոցացման պայմանագրի կնքումն ու այսօրվա գագաթնաժողովը», - ասել է Պորոշենկոն։

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ այսօր առկա են դրական և բացասական գործոններ։

«Սա առաջին գագաթնաժողովն է: Լավ լուրն այն է, որ մինչ այդ երբևէ Ուկրաինայի և Եվրամիության հարաբերություններն այսչափ ակտիվ չեն եղել, վատն էլ այսօրվա հանգամանքներն են, հակամարտությունը, մարդկային ամենօրյա կորուստները։ Առանցքային նշանակություն ունի Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացումը։ Եվրոպական միությունը կշարունակի առաջ գնալ հարցի կարգավորման երկու ուղիներով, որոնցից մեկը դիվանագիտությունն է, մյուսը` պատժամիջոցները», - ասել է Դոնալդ Տուսկը։

Անհատական պատժամիջոցներ Պուտինի նկատմամբ

Մինչդեռ, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը ստորագրել է ռուսաստանցի 35 քաղաքական գործիչների` այդ թվում Վլադիմիր Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին անցած չորեքշաբթի օրը` ապրիլի 22-ին, խորհրդարանի ընդունած որոշումը։

Ցանկում են նաև Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, նախագահ Պուտինի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը, ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնյաներ։

Գերագույն ռադայի ընդունած փաստաթուղթն անվանել են «Սավչենկոյի ցուցակ»՝ նկատի ունենալով ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, ով ռուսների կողմից ձերբակալվել է Դոնբասում ռուսաստանցի լրագրողների սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքով։

Փաստաթղթում ասվում է, որ ռուսական կողմն ապօրինաբար է ձերբակալել և Ռուսաստանի տարածք փոխադրել Սավչենկոյին, ով հերքում է լրագրողների սպանության հետ կապ ունենալու մեղադրանքը։ Ուկրաինան Ռուսաստանից պահանջում է անհապաղ ազատ արձակել և Ուկրաինա փոխադրել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Սավչենկոյին և ապօրինաբար բանտերում պահվող Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին։

Գերագույն ռադան միջազգային կազմակերպություններին կոչ է անում անհատական պատժամիջոցներ սահմանել Սավչենկոյի ձերբակալության հետ կապ ունեցող ռուսաստանցի պաշտոնյաներին։

Ուկրաինուհին երկար ժամանակ հացադուլի մեջ էր, որոշ դարարից հետո էլ օրերս վերսկսել է բողոքի այդ ակցիան և, ըստ Կիևից ստացվող լուրերի, հիմա ծայրաստիճան հյուծված վիճակում է։