Նազարբաևը ստացել է քվեների 97․7 տոկոսը

Ղազախստան - Գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ելույթ է ունենում իր հաղթանակի առթիվ կազմակերպված հանրահավաքում, Աստանա, 27-ը ապրիլի, 2015թ․

Եվրասիական տնտեսական միության անդամ Ղազախստանում շաբաթ օրն անցկացված նախագահական ընտրություններում գործող նախագահ, 74-ամյա Նուրսուլթան Նազարբաևը ստացել է 97,7 տոկոս քվե:

5-րդ անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հարցում Նազարբաևը, ըստ վերլուծաբանների, խնդիր չի ունեցել, քանի որ նրա մրցակից համարվող անձինք իրականում իշխանամետ դեմքեր էին:

Իրավապաշտպանները հիշատակում են կոմունիստական ժամանակներից Նազարբաևի վարած քաղաքականությունը, և հատկապես՝ ընդդիմախոսներին քաղաքական դաշտից հեռացնելու, ժողովրդավարական արժեքները լուսանցք մղելու նրա 26-ամյա փորձը:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցում կա գնահատական, ըստ որի՝ «քվեարկության, ձայների հաշվարկի ժամանակ դիտորդներն արձանագրել են ընթացակարգային լուրջ խախտումներ, նաև՝ լցոնումներ»:

Նազարբաևը ժպիտով է արձագանքել ընտրախախտումների վերաբերյալ դիտորդների արձանագրումներն: Հեգնանքով ներողություն է խնդրել, «սուպերժողովրդավար երկրների ներկայացուցիչներից»: Նա նաև հայտարարել է, թե «ոչինչ» չէր կարող անել, իսկ եթե միջամտեր՝ դա կլիներ «ոչ ժողովրդավար»:

Նազարբաևը հանդես է եկել ուղերձով և 97,7 տոկոսանոց վստահության պնդումները մեկնաբանելով՝ հայտարարել է. - «Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ղազախական քաղաքական մշակույթ՝ նշանակում է միասնականություն, պատասխանատվություն։ Բոլորը միասնաբար եկել էին ընտրելու նախագահ, նշանակում է՝ իրենց ապագան»:

Ղազախստանի նախագահի ընտրությունների ժամանակ էական խախտումներ չի արձանագրել ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը միայն հիշատակել է «կազմակերպչական որոշ խնդիրների» մասին:

Մինչդեռ, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Քորնելա Յունքերը հայտարարել է, որ քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակ է եղել՝ այլընտրանքի բացակայության, իրական ընդդիմադիրների համար հարուցված խնդիրների և երկրում խոսքի ազատության բացակայության պատճառով:

Դիտորդական առաքելության նախնական զեկույցի համաձայն, կան տվյալներ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ընտրողների նկատմամբ ճնշումներ են եղել՝ քվեարկությանը մասնակցելու։ Արձանագրվել է լցոնումների 46 դեպք, բազմակի քվեարկություն, ընտրախախտումների այլ տեսակներ: