Ռազմական խորհրդի նիստ Լեռնային Ղարաբաղում

Նախարար Մովսես Հակոբյանի նախագահությամբ նիստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և ենթակա ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ ապրիլի 24-ին տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված մարտական հերթապահության վիճակի և դրա կատարելագործման ուղիների քննարկմանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը համառոտ ներկայացրել է առաջնային գծում վերջին շրջանի զարգացումները: Միաժամանակ, նա իր երախտագիտությունն է հայտնել գյուտարարական և նորարարական աշխատանքներ հեղինակած մի շարք զինվորականների և քաղաքացիական անձանց ու նրանց հանձնել խրախուսական պարգևներ:

Այնուհետև մարտական հերթապահության պատրաստման և իրականացման շուրջ համապարփակ զեկույցով հանդես է եկել բանակի շտաբի պետը, ով մանրամասն վերլուծականով ներկայացրել է հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական վիճակը և դրանից բխող պաշտպանական ու կանխարգելիչ նշանակության խնդիրների իրականացման համալիրը:

Քննարկվող հարցերի շուրջ, ըստ ուղղությունների, հանդես են եկել նաև բանակի շտաբի մի շարք բաժինների պետեր և զորամասերի հրամանատարներ:

Ամփոփելով նիստը՝ Մովսես Հակոբյանը հատկապես կարևորել է հրամանատարների դերակատարությունը մարտական հերթապահության կազմակերպման գործում, շեշտելով, որ նախահարձակ հակառակորդին ճնշելու և երկրի սահմանն անառիկ պահելու թիվ մեկ նախապայմանը բոլոր աստիճանի հրամանատարների կողմից ենթակա անձնակազմին ճիշտ հրամաններով ուղղորդելու կարողության մեջ է: Նա տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ: