Հայաստանում ապաստանած սիրիահայերը փորձելու են սեփական ուժերով տարհանել Հալեպում մնացած հայերին

Your browser doesn’t support HTML5

Առայժմ քննարկում են հնարավոր կոնկրետ քայլերն ու առաջիկա ամիսներին նյութապես աջակցելու հնարավորությունները։

Սիրիայում ապրող հայերը սոցցանցերի միջոցով շարունակում են աջակցություն խնդրել պատերազական գոտուց իրենց տարհանելու հարցում։

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Հալեպում բնակվող Հրանուշ Առաքելյանն ասաց, որ անցած գիշեր ևս Հալեպի քրիստոնյաներով բնակեցված թաղամասերը ուժգին հրթիռակոծությունների են ենթարկվել, իրենց տունը վերջնականապես ավերվել է։

Հենց մեր հեռախոսազրույցի պահին Առաքելյանը փորձում էր մտնել իր քանդված բնակարանը՝ փլատակների տակից մի քանի անհրաժեշտ իրեր դուրս բերելու համար։

Հրանուշն ամուսնու հետ այժմ հարևանների տանն է բնակվում․ - «Ուզում եմ գամ [Հայաստան], փող չունեմ, հոգիս: Դրամ չունեմ, որ կարանամ հասնեմ Հայաստան: Էս պստիկին ազատեմ, ես էլ ազատվեմ: Ամբողջ մարմինս դողում ա, այլևս չեմ դիմանում․․․»

Սիրիական պատերազմի պատճառով երեք տարի առաջ Հայաստան տեղափոխված Հրայր Ակվիլյանն ուշադրությամբ հետևում է սոցցանցերում սիրիահայերի հարցով ծավալվող քննարկումներին։

«Ազատության» հետ զրույցում Հրայրն ասում է, որ արդեն օգնության բազմաթիվ խնդրանքներ է ստացել։ Նա հավատացրեց, որ ամեն օր խնդրանքով իրեն դիմում են՝ «մեզի այստեղեն հանեցեք», «մենք փող չունենք», «մենք հնարավորություն չունենք»:

Ակվիլյանի փոխանցմամբ՝ Սիրիայում մնացած հայերն ասում են, որ իրենց կյանքը վտանգված է․ - «Աղաչանքները, որ ինձի կգան, իսկապես սոսկալի են․․․ Տասը րոպե առաջ նամակ կարդացած եմ, որ մարդը կարծես դժոխքեն եկած է»:

Հրայրն ամեն օր հետևում է Հալեպից ստացվող լրահոսին։ Ասում է, որ այնտեղ ապրելն այլևս անհնար է, հայրենակիցների կյանքին իրական վտանգ է սպառնում․ - «Մենք ամեն գնով հայ գաղութը պիտի պահենք․․․ Շատ լավ: Եթե հայ գաղութը պիտի պահեք, խաղաղ երկրի մեջ, որ տեղ հնարավորություն կա, որ կյանքը շարունակվի: Բայց ոչ թե պիտի պահենք Սուրիո պես, մանավանդ Հալեպի պես տեղ մը․․․ Ես կկարծեմ, որ այլևս այդ երազային Հալեպը չպիտի վերադառնա»:

Հայաստանի կառավարությունը, որն անցած տարիներին ընդունեց սիրիահայերին, նյութական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ու շարունակում է օգնության ծրագրերը, առայժմ չի շտապում կոնկրետ քայլեր ձեռնարկել հալեպահայերին տարհանելու ուղղությամբ։

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն «Ազատության» հետ զրույցում դարձյալ նշեց՝ քանի դեռ Հալեպի հայ համայնքը որոշում չի կայացրել, իրենք որևէ քայլ չեն ձեռնարկի։ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանը, հիշեցնենք, երկու շաբաթ առաջ պնդել էր, որ գաղութը լուծարելու քայլին չեն գնա:

Մինչդեռ Հրայր Ակվիլյանը հայտարարում է, թե Հալեպում այժմ դժոխային վիճակ է․ - «Այսինքն այլևս ճիշտ ժամանակն է կետերը և ստորակետերը և վերջակետ դնելու»: Նա նշեց, որ մեծ հարգանք է տածում Ռեիսյանի նկատմամբ, սակայն «այլև իրականությունը տեսնելու ժամանակն է»․ - «Երազով չապրենք»:

Հրայն ու նրա մի խումբ ընկերները, հույսը կտրելով Հայաստանի կառավարությունից ու Հալեպի համայնքային կառույցներից, որոշել են սեփական նախաձեռնությամբ աջակցել պատերազմի մեջ ապրող հայրենակիցներին՝ Հալեպից դուրս գալու ու Հայաստան տեղափոխվելու հարցում։ Առայժմ քննարկում են հնարավոր կոնկրետ քայլերն ու առաջիկա ամիսներին նյութապես աջակցելու հնարավորությունները։