«Ազատությունը» Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումների մասին զրուցել է Բեռլինում աշխատող հայազգի լրագրող Տիգրան Պետրոսյանի հետ։
«Ազատություն».- Երեկ մամուլում կային կարծիքներ, թե Բունդեսթագում քվեարկություն տեղի չունեցավ թուրքական կողմի ճնշման հետևանքով, կար նաև հակառակ կարծիք, թե Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հիմք ընդունելով, որ ելույթ ունեցած բոլոր պատգամավորները կիրառեցին «ցեղասպանություն» եզրույթը։
Պետրոսյան.- Ապրիլի 24-ին Բունդեսթագում քվեարկություն չի եղել և չէր նախատեսվում։ Ապրիլի 24-ին Բունդեսթագում տեղի են ունեցել ընդամենը լսումներ, քննարկումներ Հայոց ցեղասպանության թեմայով: Նիստը պաշտոնապես կոչվում էր «Քննարկումներ հայերի տեղահանության և բնաջնջման վերաբերյալ»: Այն տեղեկությունները, թե Գերմանիայի խորհրդարանը ապրիլի 24-ին ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, թյուրիմացություն է: Այլ հարց է, որ պատգամավորներն իրենց ելույթներում 1915 թվականի դեպքերն անվանել են ցեղասպանություն: Մասնավորապես, Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթը բազմիցս շեշտել է «ցեղասպանություն» եզրույթը, կոչ արել հաշվի նստել պատմական փաստի հետ: Այնուհետև առանձին ելույթներով հանդես են եկել ինը պատգամավորներ՝ Բունդեսթագում ներկայացված բոլոր խմբակցություններից:
«Ազատություն».- Որո՞նք էին պատգամավորների ելույթների հիմնական շեշտադրումները։
Պետրոսյան.- Գերմանիայի օրենսդիրները դատապարտեցին 1915-16 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի բնաջնջումն ու տեղահանությունները` դրանք որակելով որպես ցեղասպանություն: Ելույթ ունեցողները կոչ արեցին Թուրքիայի կառավարությանը առերեսվել սեփական պատմության հետ և ճանաչել հայերի հանդեպ դարասկզբին տեղի ունեցած ցեղասպանությունը: Ավելին՝ նշվում էր, որ Գերմանիան պետք է ընդունի մեղքի իր բաժինը, ինչպես նաև նպաստի հայ-թուրքական հաշտեցմանը: Չի կարելի ասել, որ Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, քանի որ նման բան դեռևս ամրագրված չէ փաստաթղթով: Այո, առանձին պատգամավորներ իրենց խոսքում օգտագործում են «ցեղասպանություն» բառը, կան նաև առանձին խմբակցությունների հայտարարություններ, որտեղ ևս օգտագործվում է այդ եզրույթը: Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղապանությունը՝ միայն նոր բանաձև ընդունելով: Ներկայումս շրջանառության մեջ է դրված նոր բանաձևի երեք տարբեր նախագծեր: Մի նախագիծը ներկայացված է Ձախերի կողմից, մյուսը՝ Կանաչների, և երրորդ՝ միասնական նախագիծը` իշխող կոալիցիայի կողմից: Բոլոր նախագծերում էլ օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը։ Տրամաբանական է, որ կոալիցիայի նախագծին կողմ քվեարկողները մեծամասնություն են կազմում: Որոշ լրատվամիջոցներ նշում են ապրիլի 30-ը` որպես քվեարկության վերջնաժամկետ: Ըստ Բունդեսթագի կանոնակարգի` վերոնշյալ նախագծերը երեկվա քննարկումից հետո ուղարկվում են Արտաքին հարաբերությունների հանձնաժողով: Բացի այդ նախագծերը քննարկվելու են Մարդու իրավունքների և Եվրոպայի հարցերով հանձնաժողովներում: Հստակ ժամկետ չի նշվել, թե երբ կարող է ընդունվել վերջնական բանաձև:
«Ազատություն».- Որքա՞ն կարող է ձգձգվել նախագծի քվեարկությունը։
Պետրոսյան.- Հանձնաժողովները կարող են անհրաժեշտության դեպքում նախագծերի շուրջ քննարկումներ կամ հավելյալ մասնագիտական խորհրդակցություններ հրավիրել, ինչը կարող է տևել մեկ շաբաթ կամ շաբաթներ, ամիսներ, ինչու ոչ` տարիներ: Կոալիցիայի նախագիծը պետք է ընթացք ստանա մինչև Բունդեսթագի նոր ընտրությունները` 2017-ի սեպտեմբերը: Հակառակ դեպքում նոր ընտրված խորհրդարանն արդեն իսկ ինքը պետք նոր նախագծեր մշակի: Այլ հարց է, որ, ինչպես հավաստիացնում էին վերոհիշյալ պատգամավորները, գոյություն ունի քաղաքական կամք` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը չձգձգելու և շատ մոտ ապագայում նոր նախագիծն ընդունելու` առանց որոշակի ժամկետներ սահմանելով: Երեկ նիստերի դահլիճում քննարկման ավարտից հետո ելույթ ունեցող պատգամավորներից ոմանք առանձնազրույց են ունեցել հայկական, ասորական, ալևիական համայնքների ներկայացուցիչների հետ: Գերմանացի օրենսդիրները հուսադրում էին, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի գերմանական խորհրդարանն ունենա նոր բանաձև որքան հնարավոր է շուտ, սակայն կրկին առանց որոշակի ժամկետներ հստակեցնելով: