Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ-ի նախագահ Ժոզեֆ Դոլին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահին՝ հրավերն ընդունելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է ապրիլի 15-ին ԵԺԿ-ի և անձամբ պարոն Դոլի ներդրումը Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Երևան այցելելու և Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակցության հրավերի համար: Նա ընդգծել է, որ իր համար ապրիլի 24-ի հիշատակի արարողությունը չափազանց հուզիչ էր: ԵԺԿ նախագահը նշել է, թե երեկ նաև այցելել է Ցեղասպանության թանգարան, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում և այժմ ցանկանում է նույնը կրկնել՝ իր համար անչափ կարևոր է հիշողությունը, բայց նույնքան կարևոր է հաջորդ քայլը՝ հաշտեցումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարին, ինչպես նաև առաջիկայում Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստության հետ կապված հարցեր: