Քննարկում Վաշինգտոնում․ Հայոց ցեղասպանությունը և ամերիկյան լրագրությունը

Վաշինգտոնի Ազգային մամուլի ակումբում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և ամերիկյան լրագրությունը» խորագրով միջոցառում, որտեղ քննարկվեց մամուլի դերը՝ Հայոց ցեղասպանության իրազեկման գործում։

Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությամբ Վաշինգտոնի ազգային ակումբում կազմակերպված «Հայկական ցեղասպանությունը և ամերիկյան լրագրությունը» խորագրով քննարկման բանախոսներն էին ԱՄՆ-ում հեղինակություն վայելող հայ լրագրողները՝ Քրիսթոֆեր Աթամյանը՝ «Հաֆինգթոն Փոսթից», Մայքըլ Բոբլյանը՝ «Ֆորբզ»-ից, Սթեփան Քուրքջյանը՝ «Բոստոն Գլոբից», Ռոբերտ Օրլինը՝ «Վոլ Սթիթ Ջուրնալից»։

Ստեփան Քուրքջյանը իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության իրազեկման գործում անչափ կարևոր է միջազգային մամուլի դերը, և որ մամուլի գլխավոր առաքելությունը պետք է լինի կարևոր հարցերի բարձրացումը թե՛ հասարակական, և թե՛ քաղաքական շրջանակներում։

Նա անդրադարձավ Հռոմի պապի հայտարարությանը և նշեց, որ լրատվամիջոցները հայտարարությունից հետո պետք է ավելի ակտիվ հարցեր ուղղեին Սպիտակ տանը Օբամայի հայտարարության վերաբերյալ։

Հնչեցին կարծիքներ, որ ի տարբերություն Բուշի վարչակազմի՝ Օբաման փոխեց Ցեղասպանության նկատմամբ ամերիկյան պաշտոնական վերաբերմունքի տոնայնությունը, ինչը կարելի է դիտարկել որպես առաջընթաց:

«Վոլ Սթրիթ Ջոուրնալ»-ից Ռոբերթ Օրլիյանը նշեց, որ միջազգային մամուլը այժմ լայնորեն անդրադառնում է Հայոց ցեղասպանության խնդրին, ինչը հանգեցնում է ավելի լայն իրազեկման։

Վաշինգտոնի ազգային ակումբում մեկ ներկայացվեց նաև Հայոց ցեղասպանության լուսանկարների ցուցահանդես։