Ֆեթիե Չեթինի «Իմ մեծ մայրը» գիրքն էր, որ բացեց դեպի Թուրքիայի պատմության ամենամութ էջերը տանող պատմությունը, պատմում է «Ամերիկայի ձայնը»։
Գրքում Չեթինը պատմում է իր տատի՝ ցեղասպանությունից փրկված հայ որբի թաքնված կյանքի մասին, որը նա միայն 70 տարեկանում է բարձրաձայնել:
Չեթինն ասում է՝ իր տատը ցեղասպանություն է տեսել, մահվան ճանապարհ է քշվել, բայց կարողացել է հասնել Դիարբեքիրի Չերմիք քաղաք, որտեղ որդեգրվել է մահմեդական ընտանիքի կողմից:
«Ես ցանկացել եմ կոտրել լռությունը»,- ասում է Չեթինը.- «Տատս բոլոր մանրամասները պահել էր իր հիշողության մեջ: Տատիս լռությունը ինձ շատ է հուզել, ես ցանկացել եմ կոտրել այս լռությունը և բարձրաձայնել այն ճշմարտությունը որ իմացել եմ»:
Տասնյակ հազարավոր հայեր՝ հիմնականում երեխաներ և երիտասարդ կանայք փրկվեցին ցեղասպանությունից և տեղահանություններից՝ մահմեդական ընտանիքներում ձուլվելով: 2004 թվականին հրապարակված Չեթինի գիրքը, որ դարձավ բեսթսելեր, օգնել է շատ մարդկանց գտնել իրենց արմատները:
Թուրքահայ երկլեզու «Ակոս» թերթի խմբագրություն շատ մարդիկ են գալիս, ովքեր ցանկանում են բացահայտել իրենց հայկական անցյալն ու իրենց պատմությունը: Թերթը տպագրում է իրենց հարազատներին որոնողների հայտարարությունները:
«Ակոսի» գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանն ասում է՝ այս միտումը գնալով աճում է։
«Թուրքիայում նոր մի երևույթ է սկսվել, մարդիկ հայտնաբերում են, որ իրենց տատերը հայ են: Օրինակ, երբ որևէ խորհրդաժողովի եմ մասնակցում Անատոլիայում կամ Անկարայում, միշտ երկու կամ երեք հոգի գալիս ասում են՝ վերջերս են իմացել, որ իրենց տատը հայ է: Ավելի ու ավելի շատ մարդիկ են բախվում այնպիսի պատմությունների և իրողության, որ իրականում վկայում են ցեղասպանության մասին»,- ասում է Դանզիկյանը։
«Դավանափոխ եղած հայերի մասին պատմությունները օգնեցին խոսել 1915 թվականի մասին ավելի բաց կերպով»,- ասում է Չեթինը.- «Թուրքիայի կառավարությունը դեռ ժխտում է ցեղասպանությունը: Սակայն հասարակությունը շատ տարբեր է, այն ավելի դինամիկ է և ավելի հետաքրքրասեր: Ահա թե ինչու եմ կարծում, որ հասարակությունը սկսել է փոխվել»։
Չեթինի մեծ մոր պատմությունը շարունակում է ոգեշնչել ավելի ու ավելի շատ ընտանիքների՝ գաղտնազերծելու թաքնված հայկական արմատների իրենց պատմությունները: