Գերմանիայի խորհրդարանը այսօր ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձևին, որում մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայում իրականացված՝ մոտ մեկևկես միլիոն հայերի զանգվածային սպանությունները որակվում են ցեղասպանություն, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը նվիրված նիստի ժամանակ Բունդեսթագի ստորին պալատի բոլոր խորհրդարանական խմբակցությունները քվեարկել են բանաձևի օգտին, ինչը, ընդգծում է Reuters-ը, ամենայն հավանականությամբ կհարուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վրդովմունքը:
«Այն, ինչ պատահել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում աշխարհի աչքի առաջ ցեղասպանություն էր», - բանաձևի քննարկման սկզբում հայտարարել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը։
Հեղինակավոր լրատվական գործակալությունը շեշտում է, որ ցեղասպանություն բառը հատուկ ռեզոնանս ունի Գերմանիայում, որը մեծ ջանքեր է գործադրել՝ առերեսվելու Հոլոքոսթի ժամանակ վեց միլիոն հրեաների սպանության համար իր պատասխանատվությանը:
Նախօրեին, հիշեցնենք, Հայոց ցեղասպանություն արտահայտությունը օգտագործել էր Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը: