Մելքոն Մանուկյանը հայերեն գրել և կարդալ որդիներից է սովորել, և գաղթի ճանապարհն անցնելուց տասնամյակներ անց միայն շարադրել այն, ինչը մնացել էր հիշողության մեջ։
12 որդիներից կրտսերը՝ Արմենը պահել է հորից մնացած յոթ տետրակները՝ մի օր դրանք գիրք դարձնելու մտադրությամբ։ 1915-ին դրանց հեղինակը 14-ամյա պատանի էր, ում հայրը՝ Խաչատուրը, Զեյթունի ազատագրման մարտերին էր մասնակցում և ծանոթ քրդերի հետ պայմանավորվել էր, որ կարողանա ջարդերից փրկել ընտանիքի անդամներին։
«Հայրս՝ Մելքոնը քնած է լինում, հայրը գալիս է, մի քսակ ոսկի տալիս է տատիկիս, ասում է՝ Մարիամ էս շատը ձեզ, քիչը՝ ինձ, տանելու են ձեզ, ասում է՝ ճանապարհին ձեզ մոտենալու է մի քուրդ, որի կյանքն եմ փրկել, ինքը պարտավորվել է ձեզ փրկել, թուրքերի միջից հանել, չվախանաք, որ հարցնեն՝ Անադովլի Խաչիկի ընտանիքը ո՞րն է, առանց վախենալու կասեք՝ մենք ենք։ Քուրդը պիտի ասի՝ տանելու եմ հորս գերեզմանին մատաղ անեմ, պիտի խաբի հանի էդտեղից, ասում է՝ չվախենաք կգնաք հետևից։ Ու էդպես էլ լինում է, էդ մարդը գալիս, օգնում է»,- պատմում է Արմեն Մելքոնյանը։
Դրանից հետո Մելքոնը հորն այլևս չտեսավ։ Թուրքերը սպանեցին նաև եղբորը, իսկ մորը կորցրեց ճանապարհին։ «Ծարավից ու տոթից մարդիկ շնչահեղձ էին լինում։ Բոլորի կրծքի տակ մարդկային խիղճը մարել էր, և անգամ հարուստ հայերը, ովքեր դեռ կարողանում էին ջուր հայթայթել, հայրենակիցներին չէին տալիս։ Խաբուր գետը լիքն էր դիակներով, ջուրը հնարավոր չէր խմել»,- իր հուշերում գրում է նա։
Արաբների մեջ երկար տարիներ ապրելուց հետո Մելքոնը տեղափոխվում է Մուսուր ու բնակվում հայկական մի եկեղեցում։ «Արաբական ցեղերի մոտ ապաստան գտած հայերին թվացել էր, թե աշխարհում հայ այլևս գոյություն չունի, որովհետև մեր աչքերը տեսան, որ բոլորը կոտորվեցին»,- գրում է նա։
Հալեպում Մելքոնն ամուսնանում է Էրզրումից գաղթած և ջարդերից փրկված Աստղիկի հետ. 12 որդի են ունենում, նաև որդեգրում մի աղջկա։ Ֆրանսիական բանակում ծառայելու ժամանակ Մելքոն Մանուկյանը տեղեկանում է Հայաստան տեղափոխվող սփյուռքահայերի մասին, ու թեև հրամանատարը դեմ էր, ինքը որոշում է ամեն գնով նրանց միանալ:
«Հրամանատարն ասում է՝ դու գիտե՞ս պատերազմից հետո երկիրը ինչ վիճակի մեջ է, դու զինվոր ես, չես հասկանում՝ ուր ես գնում, ասում է՝ շատ լավ էլ հասկանում եմ, ինչի չեմ հասկանում, գնում եմ իր երկիրը։ Երկրորդ անգամ է կանչում, ու որ էլի նույն բանը ասում է, հայրս պատասխանում է՝ արդեն հոգնել եմ, դու էլ, քո կառավարությունն էլ, քո գեներալ դը Գոլն էլ ինձ հետաքրքիր չեք։ Ինձ հետաքրքիր է իմ հայրենիքը։ Ասում է՝ դե էս բլանկը ստորագրի, որ ֆրանսիական կառավարությունից պարտք ու պահանջ չունես»։
Երևանում համերկրացիների հետ Զեյթուն թաղամասն են հիմնում։ Պատմական հայրենիքից Մելքոնը երկու հիշատակ էր բերել՝ Աստվածաշունչն ու Ճաշոց աղոթագիրքը, որ պահպանել էր գաղթի երկար ու դժվարին ճանապարհին: Ավելի քան 100 տարվա գրքերը հիմա տեղ են գտել տան մի անկյունում։ Արմեն Մանուկյանը դեռ մտածում է դրանք թանգարան հանձնելու մասին։
«Իմ հայրիկից սա է մնացել, չեմ ուզում տանից հանեմ»,- ասում է նա։
Սիրում էր պատմել Զեյթունի ու այնտեղ ապրած մարդկանց մասին, ու երբ խոսում էր, քար լռություն էր տիրում, հիշում է որդին։ Նա պատմում է, որ յուրաքանչյուր ապրիլի 24-ի հայրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր գնում ու մարդկանց համար Էրգրի մասին իր գրած բանաստեղծությունները կարդում, թեև այդ տարիներին հայրենասիրություն քարոզել չէր կարելի։
«Ոստիկանը մոտենում է, ասում է՝ մի կարդա, մի հավաքի ժողովրդին գլխիդ, մի կարդա, քեզ չեմ տանում ոստիկանություն, ես էլ մշեցու թոռ եմ, բայց մի կարդա, մենակ ես չեմ ստեղ, հազարավոր ոստիկաններ կան։ Հասկացնում է, որ «ես էլ եմ ուզում, որ կարդաս, բայց չի կարելի»։ Սովետական կարգեր էին, չէր կարելի, իհարկե»։
«Ավանգարդ» թերթի խմբագրությունից խորհրդային տարիներին, այնուհանդերձ, առաջարկ եղել է տպագրել հուշերի այս պատմությունը, սակայն Մելքոն Մանուկյանը հրաժարվել է, երբ տեղեկացել է, որ հեղինակն ինքը չի համարվելու։ Հիմա գրքի շապիկին Մելքոն Մանուկյանի անունն է։ Գիրքը տպագրվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ հեղինակի մահից 34 տարի անց։