Պետդուման ընդունեց հայտարարություն Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Ռուսաստանի Պետդումայի նիստը, արխիվ

Ռուսաստանի Պետդուման ընդունել է հայտարարություն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, փոխանցում է «Ռոսբալտ»-ը։

Հայտարարությունում Պետդուման իր խորին ցավակցությունն է հայտնել «եղբայրական Հայաստանին` Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև մյուս ժողովուրդներին, ովքեր տուժել են Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ»։

Ռուսաստանցի խորհրդարանականները համարում են, որ պատմության բարդ հարցերը և միջազգային վեճերը անհրաժեշտ է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերով, հանուն երկրագնդի վրա ամուր խաղաղության և անվտանգության հաստատման:

«Եվրասիական մայրցամաքը կարող է և պետք է դառնա բարիդրացիության և իրավահավասար համագործակցության օրինակ, խաղաղության և արարման տարածք», - ասված է հայտարարությունում: