Օբաման խուսափեց ցեղասպանություն եզրույթի գործածումից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես գալիս Սպիտակ տանը, 23-ը ապրիլի, 2015թ․

Ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս, ինչպես իր նախագահության նախորդ վեց տարիներին, օգտագործեց հայերեն Մեծ եղեռն ձևակերպումը` այն մեկնաբանելով որպես 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագություններ:

«Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունը իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկևկես միլիոն հայեր կործանվեցին», - ասել է ԱՄՆ նախագահը` Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրությունում` շարունակելով. - «Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի [դաշնագրի] ընդունման գործում»:

Օբաման նաև ընդգծում է․ - «Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»:

ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն այդ համատեքստում հիշատակել է նաև «թուրք և հայ պատմաբանների տեսակետները»:

Օբաման, մասնավորապես, ասել է. - «Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ»:

Մինչ 2008 թվականին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելը Բարաք Օբաման իր հրապարակային հայտարարություններում բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, միացել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կոնգրեսական նախաձեռնությունների: