SOAD-ը Երևանում «արթնացրեց հոգիները»

Երևանի Հանրապետության հրապարակում այսօր կայացած համերգով աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը ներկայացրեց իր Wake up the Souls («Արթնացրեք հոգիները») շրջագայությունը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և երեք մասից բաղկացած բացօթյա համերգը անցավ հորդառատ անձևի տակ, սակայն այս հանգամանքը բոլորովին չխանգարեց, որ Հանրապետության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ՝ Հայաստանից և արտերկրից, իսկապես վայելեն այն։

Համերգի սկզբում խմբի կիթառահար և երկրորդ վոկալիստ Դարոն Մալաքյանը հայտարարեց.- «Սա ռոք համերգ չէ, սա մեր սպանվածների վրեժի համար է»։

«Իմ պապը հինգ տարեկան էր, երբ տեսավ թե ինչպես մահացավ սեփական հայրը։ Նա սովից տեսողությունն էր կորցրել։ Պապս հայտնվեց Հունաստանում գտնվող որբանոցում, որտեղ Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն հազարավոր որբերի փրկեց։ ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումը ոչ միայն մեզ համար է աններելի, այլ բոլոր ամերիկացիների»,- համերգի ընթացքում ասաց խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը։

Խումբը Wake up the Souls շրջագայությունը սկսել է ապրիլի 6-ին, առաջին համերգը կայացավ Լոս Անջելեսում, այնուհետև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում։

Սա «Գրեմի»-ի մրցանակակիր խմբի առաջին համերգն էր Հայաստանում՝ իրենց նախնիների հայրենիքում։ Խմբի բոլոր անդամները հայեր են՝ ցեղասպանությունից փրկվածների զավակներ։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկումը մշտապես եղել է System of a Down-ի ուշադրության կենտրոնում։