Վաղը երեկոյան «Էրեբունի» թանգարանի հարևանությամբ նախատեսված հանրահավաքից առաջ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումն իր աջակիցներին կրկին փողոց դուրս գալու կոչ է անում։ Ժամեր առաջ տարածած հաղորդագրությամբ«Հիմնադիր խորհրդարան»-ը տեղեկացնում է՝ վաղը ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո սկիզբ է դրվելու «հայաստանյան ներկա ռեժիմի հեռացման գործընթացին»։ Շարժման հաղորդագրությունում նաև նշվում է, որ այդ ճանապարհին առաջին քայլը «քաղբանտարկյալների ազատագրումն է»:
Վաղը նախատեսված հանրահավաքի նախօրեին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ղեկավարները շարունակում են գաղտնի պահել իշխանափոխության ծրագրերը՝ հայտարարելով, որ ամեն ինչ պարզ կլինի վաղը՝ հրապարակում։
Ավելի վաղ շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր վերջին հանրահավաքային ելույթում ասել էր, որ ապրիլի 24-ից սկսած՝ համազգային մոբիլիզացիա է հայտարարում, քանի որ Հայաստանը ինքնիշխանությունը կորցնելու եզրագծին է մոտենում։
«Կոչ եմ անում՝ պատրաստվելու, 24-ից սկսյալ՝ ուսապարկերը պատրաստել, ուսապարկերի մեջ ունենալ առնվազն 3 օրվա չոր սնունդ, ինչպես ասում են՝ սուխ-պայոկ: Պատրաստվեք, ժողովուրդ, հույսը մենք ենք, ոչ մեկի վրա մենք հույս դնողը չենք: Ես չեմ կասկածում, որ մոբիլիզացիան օր օրի մեծանալու է, և հակառակորդին ծնկի ենք բերելու», - ասել էր Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նաև հայտարարել էր, որ չեն պատրաստվում խանգարել ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին, բայց վստահ են, որ դրանից հետո ժողովուրդը իր խոսքը կասի և կպարտադրի «գործող օտարածին վարչակազմին հեռանալ»։
Ազատազրկումից օրեր առաջ Սեֆիլյանը չէր բացառել նաև, որ Երևանում մեկնարկելիք հանրահավաքից բացիբողոքի ցույցեր կլինեն նաև Հայաստանի այլ քաղաքներում։
«Մենք փոփոխությունը երկար շաբաթների մեջ չենք տեսնում, ընդամենը հնարավոր է տևեն մի քանի օր, սակայն շատ կարևոր է, որ այդ օրերին մեր ժողովուրդը մեր խոսքը հնարավորինս լսի: Այդ օրերին մենք փակագծերը կբացենք, թե ինչ միջոցով ենք, վերջիվերջո, պարտադրելու», - հայտարարել էր Սեֆիլյանը:
Այս ելույթից մի քանի օր անց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և նրա 4 աջակիցները մեղադրվեցին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու փորձի մեջ և կալանավորվեցին։ Անգամ դրանից հետո «Հիմնադիր խորհրդարան»-ը հետ չի կանգնում իշխանափոխության ծրագրերից։ Կառույցի ղեկավարությունը ստանձնեց ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը, վաղն էլ ակնկալվում է, որ հայտնի կդառնա, թե ով է ղեկավարելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը։
«Հիմնադիր խորհրդարան»-ից փոխանցեցին, որ Երևանի քաղաքապետարանից թույլտվություն են ստացել՝ «Էրեբունի»-ում զանգվածային միջոցառումներ իրականացնել վաղվանից սկսած մինչև մայիսի 10-ը, բայց՝ ոչ շուրջօրյա։
Ավելի վաղ շարժման ներկայացուցիչները հայտարարում էին, որ ապրիլի 24-ից փողոց են դուրս գալու և տուն չեն գնալու մինչև իշխանափոխություն, այսօր, սակայն, «Հիմնադիր խորհրդարան»-ում խուսափեցին պատասխանել՝ վաղվանից մեկնարկող հանրահավաքները շուրջօրյա են լինելու, թե ոչ։