Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH)՝ թուրք և հայ իրավապաշտպան գործընկերների հետ համատեղ հռչակագիր է տարածել՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և բացել հայ-թուրքական սահմանը:
Միջազգային հեղինակավոր իրավապաշատպան կազմակերպության փաստաթղթում նշված է․ - «Կոչ ենք անում Թուրքիային պաշտոնապես ճանաչել իր պատասխանատվությունը Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված և իրագործված հայ ազգաբնակչության ցեղասպանության հանցագործության հարցում: Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել իր պաշտոնական ժխտողական քաղաքականությունը և փոխհատուցել ցեղասպանությունից տուժածներին, նրանց ժառանգներին և ողջ հայ համայնքին՝ նրանց պատճառած վնասի և կրած տառապանքների համար»:
Իրավապաշտպան կազմակերպությունները նաև հորդորում են Թուրքիային «աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ առանց նախապայմանների, մասնավորապես, բացելով ընդհանուր սահմանը»:
FIDH-ի փոխնախագահ, Թուրքիայում գործող Մարդու իրավունքների ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշը այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց․ - «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մեծ վիշտ եմ ապրում և խոնարհվում եմ Ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրած մարդկանց հիշատակի առջև: Կարևոր է, որ համաշխարհային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի այսուհետ նման բան տեղի չունենա: Խնդիրը միայն պետություններին չի վերաբերում, այն վերաբերում է նաև ազգերին, և ազգերը պետք է համերաշխության մեջ ապրեն: Թուրքիան պետք է շատ լուրջ քայլեր անի՝ առանց որևէ նախապայմանի այս հարցի լուծման համար: Նախ պետք է ընդունի, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, և Թուրքիայի իշխանությունները պետք է ներողություն խնդրեն ու պետք է փնտրեն, թե այդ ամենից հետո հայերի ու թուրքերի հաշետցման համար ինչ կարելի է անել»:
Հարցին, թե արդյոք Թուրքիայում շարունակվում են ճնշումները իրավապաշտպան կառույցների, անհատների նկտամամբ, ովքեր հրապարակավ ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը, Ալաթաշը արձագանքեց․ - «Մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում վտանգավոր է: Բայց պետք է նաև ընդունել, որ վերջին տարիներին Թուրքիայում այս հարցի հետ կապված լուրջ փոփոխությոններ են տեղի ունեցել: Տեսնում ենք, որ թուրքական հասարակությունում արգելված թեմաները սկսել են ավելի շատ արծարծվել: Հանրությունը այժմ այնպիսի վիճակում է, որ փոքր-ինչ դյուրին է կարողանում խոսել Հյաոց ցեղասպանության մասին»: