Հակառակորդը զինվորական մեքենան պայթեցրել է, սակայն զոհեր չկան․ ԼՂ ՊԲ

Կադր ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութից, 22-ը ապրիլի 2015թ․

«Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Ղարաբաղի պաշտպանության բանակի զինվորական մեքենայի պայթեցման մասին այսօր տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է: Սակայն իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց կողմից տարածված տեղեկությունը»:

Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով:

«Ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել», - մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ՝ ընդգծելով, որ կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը: