Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը, որն իրականացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Եկեղեցու կառուցման բարերարն է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, նախագծի հեղինակը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման ծրագրի մասին Հայաստանի նախագահը խոսել է դեռևս 2012 թվականին՝ Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման արարողության ժամանակ:

«Սրբոց Նահատակաց եկեղեցին մարմնավորելու է բոլոր ժամանակների մեր անմեղ զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը և լինելու է մեր չմարող հիշողության առհավատչյան», - ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը: