«Գրական տապան»-ն այս տարի նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Your browser doesn’t support HTML5

2001 թվականից անցկացվող «Գրական տապան» միջազգային փառատոնն այս տարի կրում է «Գրական տապան․ ապրիլ» խորագիրը և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Փառատոնի շրջանակում Հայաստան ժամանող օտարազգի գրողները, գրականագետները, թարգմանիչներն ու հրատարակիչները շփվում են իրենց հայաստանցի գործընկերների հետ, ծանոթանում Հայաստանի մշակույթին, այցելում պատմամշակութային հուշարձաններ:

Փառատոնն այս տարի մեկնարկել է ապրիլի 20-ին և կշարունակվի մինչև ապրիլի 29-ը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մաթևոսյանի խոսքով՝ «Գրական տապան․ ապրիլ»-ը փոքր-ինչ այլ ֆորմատով կանցնի․ ­- «Հետաքրքիր բան ենք մտածել, կարծում եմ: Մեր բազում եղեռնազոհ գրողներից տասին ենք ընտրել, որոնց ստեղծագործությունները հիմա կընթերցեն տասը մեր ժամանակակից բանաստեղծներից հայերեն: Իսկ անգլերեն տեքստերը կընթերցեն մեր հյուրերը»:

Մաթևոսյանը վստահություն հայտնեց, որ իրենց երկրները վերադառնալուց հետո մասնակիցները հանդես կգան Հայաստանին ու հայ մշակույթին նվիրված հրապարակումներով:

Հայկական ծագում ունեցող կանադացի բանաստեղծ Ալան Ուայթհորնը, օրինակ, արդեն իսկ Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ չափածո ստեղծագործությունների հեղինակ է, որոնք լույս են տեսել մի քանի գրքերով:

Ուայթհորնը նաև առաջին անգամ անգլերեն լեզվով հրատարակության է պատրաստել հանրագիտարան՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Այն լույս կտեսնի գալիք մայիսին։ Ավելի քան 400 էջանոց հանրագիտարանը հրատարակում է ամերիկյան ամենահայտնի հրատարակչութուններից մեկը և, հեղինակի փոխանցմամբ, նախատեսված է ավագ դպրոցի, նաև ամերիկյան և կանադական բարձրագույն ուսումնական հայստատությունների ուսանողների համար:

Հայաստան դատարկաձեռն չի եկել նաև սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը: Նա թարգմանել ու «Արարատի հողմերը» խորագրի ներքո առանձին ժողովածուով հրատարակել է հայ ժամանակակից 28 բանաստեղծների ստեղծագործությունները:

Ամերիկայ բանաստեղծուհի Դանա Ուոլրաթը նույնպես Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրք ունի․ «Ինչպես ջուրը քարին» չափածո վեպը պատմում է իր տատիկի ընտանիքի ողբերգության մասին։

Դանա Ուոլրաթը դասագրքերի և գիտական մի շարք ժողովածուների շատ հայտնի հեղինակ է:

«Ես ամերիկահայ եմ և շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ: Ինձ համար մեծ պատիվ է հիշել ու ոգեկոչել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը և, իհարկե, մտածել լավագույն ապագայի մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դանա Ուոլրաթը: