Նախագահ Սերժ Սարգսյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր աջակցությունը ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից ձեռնարկված ԵԽ բարեփոխումների գործընթացին:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և այդ կապակցությամբ անցկացվող միջոցառումներին:
«Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային արդի խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԵԽ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, համանախագահների գործունեությանը և խաղաղության հասնելու համար կարևորում է հակամարտող կողմերի միջև երկխոսությունը», - նշված է հաղորդագրության մեջ: