Կառուցվում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Միջազգային կազմակերպության հետ Եվրոպական Միության օժանդակության համաձայնագրով («Աջակցություն Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Երևան-Բավրա հատվածին) Հայաստանի համար նախատեսված իրավունքների և պարտավորությունների ստանձնմանը:

Կառավարության տեղակատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել Եվրոպական ներդրումային բանկը:

«Ծրագրի համաֆինանսավորման նպատակով նախատեսված էր նաև Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով ստանալ 12 մլն եվրո դրամաշնորհ, որը կտրամադրվի Հայաստանին և կուղղվի 3-րդ տրանշի՝ Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն ու վերահսկողությանը, ինչպես նաև Հյուսիսային տրանշի նպատակայնության ուսումնասիրությանն ու նախագծմանը», - ասված է հաղորդագրությունում։

Մեկ այլ որոշմամբ՝ հավանություն է տրվել Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի շինարարության նախագծի ֆինանսավորման ներդրումային վարկի համաձայնագրին: Փաստաթղթի կնքումը թույլ կտա իրականացնել Ագարակից դեպի Քաջարան հատվածի բարելավումը, վերակառուցումը և լայնացումը: