Ասորի Ուղղափառ Եկեղեցու հովվապետը ժամանել է Հայաստան

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով այսօր Հայաստան են ժամանել Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն և Մարոնիտ Եկեղեցու առաջնորդ, կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Տաճարի առջև դիմավորել է Ասորի Եկեղեցու և Մարոնիտ Եկեղեցիների առաջնորդներին, ապա Իջման Ս. Սեղանի առջև կատարվել է բարիգալստյան արարողություն:

Աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ի և կարդինալ Մորան Մոր Ալ Ռայի Բուտրոսի այցը Հայաստան:

«Մենք այսօր այս սուրբ վայրում խոնարհվում և հարգանքի տուրք ենք տալիս Հայոց Ցեղասպանության նահատակներին և աղոթում, որ այլևս որևէ ցեղասպանություն տեղի չունենա քրիստոնյաների նկատմամբ», - ասել է Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն՝ հավելելով, որ մեր ժամանակներում էլ ցեղասպանությունները չեն դադարել. ասորի ժողովուրդը կրկին մարտիրոսվում է և իր արյունը թափում քրիստոնեության պահպանության համար: