Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության մասին ռուսական մամուլում վերջին օրերին շրջանառվող հրապարակումները Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ազատության» խնդրանքով, այսպես մեկնաբանեց․ - «Ղարաբաղի ամենահզոր խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղի Պաշպանության բանակն է, որ այսօր իրականացնում է իր առջև դրված խնդիրները»:
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը դեռևս 2006 թվականին չէր բացառել Ռուսաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մոտ տասն օր առաջ ասել էր, որ մի շարք երկրներ հետաքրքրված են ՀԱՊԿ-ի հետ համագործակցությամբ։
«ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի հայտ, լինի դա Պակիստանը, Իրանը Չինաստանը, Ադրբեջանը, Վրաստանը», - մասնավորեցրել էր Բորդյուժան։
Հարցին, թե Հայաստանի համար մտահոգիչ չէ արդյոք ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հեռանկարը, Հայաստանի պաշտպանության նախարարն արձագանքեց․ - «Ճիշտն ասած՝ ես չեմ լսել: Բայց եթե այդպիսի առաջարկ կա, երևի թե մտահոգի»:
Անդրադառնալով ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողների տեղափոխող «Ուրալ» ավտոմեքենայի վթարին՝ նախարար Օհանյանը դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունից որոշ մանրամասներ հայտնեց․ - «Ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ որոշակի տեխնիկական խնդիր է եղել, որը առաջացել է մեքենայի վարման ընթացքում: Մնացածը մենք կպարզենք ծառայողական քննության ընթացքում»:
Զինվորական ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի հատվածից ու շրջվել հարակից ձորակը: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ինը զինծառայողներից ութը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասիմի Թորոսյանը մահացել էր։