Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն Ավստրիայի խորհրդարանում

Ավստրիայի խորհրդարանի շենքը Վիեննայում, արխիվ

Ավստրիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական վեց կուսակցությունների խմբակցությունները այսօր առավոտյան փոխհամաձայնության են եկել հայտարարության շուրջ, որով ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը՝ նշելով դրանում Ավստրո-Հունգարական կայսրության պատասխանատվությունը, որը Գերմանիայի և Օսմանյան կայսրության դաշնակիցն էր այդ ժամանակ:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը՝ հավելելով, որ համաձայնեցված փաստաթղթում հիշատակվել են այլ փոքրամասնություններ ևս:

Հայտարարությունը նաև իր անցյալի հետ առերեսվելու և Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչելու՝ Թուրքիային ուղղված կոչ է պարունակում:

Թուրքական համայնքի կողմից ելույթներ, հակազդեցության փորձեր եղել են, բայց դրանք, ինչպես ընդգծեց Դեմիրճյանը, չեն խոչընդոտել այս հայտարարությանը, ինչպես որ չխոչընդոտեցին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին:

Ավստրիան, հիշեցնենք, մինչ օրս Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով ճանաչած շուրջ երկու տասնյակ պետությունների թվում չէ: