Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում ներկայացրել է քաղաքական հետապնդումները

Your browser doesn’t support HTML5

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում ունեցած իր ելույթում այսօր նշեց, որ Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում իրավիճակն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս՝ ժողովրդավարական արժեքների հանձնառության կապակցությամբ:

«Հայաստանում ընտրությունները կեղծվում են՝ անհնար դարձնելով իշխանությունն ընտրությունների միջոցով փոխելը»,- դժգոհեց Լևոն Զուրաբյանը:

Նա նաև հայտարարեց, որ անցյալ տարվա հոկտեմբերից ակնհայտորեն իշխանությունների հետ կապ ունեցող հանցագործ խմբավորումները տասնյակ ընդդիմադիրների նկատմամբ հարձակումներ են իրականացրել, 5 ընդդիմադիր կալանավորվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Լևոն Զուրաբյանը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի հրաժարականի պատմությունը: Հայտարարեց, որ ընդդիմադիր կուսակցության ղեկավարն այդ քայլին դիմեց Սերժ Սարգսյանի հայտնի զգուշացումներից հետո: «Հետապնդումը սկսվեց, երբ 3 կուսակցությունների դաշինքն ընդդիմանում էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության փոփոխություններին առաջարկին»,- հայտարարեց Զուրաբյանը՝ պնդելով, որ սահմանադրական փոփոխության նպատակը այն է, որ Սերժ Սարգսյանը մնա իշխանության ղեկին:

«Ադրբեջանում իրավիճակն ավելի վատ է»,- ԵԽԽՎ նիստի ժամանակ ասաց Լևոն Զուրաբյանը և վկայակոչեց ընտրախախտումները, Ալիևի վարչակազմի ժամկետները երկարաձգելու սահմանադրական փոփոխությունների «հնարքները», տասնյակ լրագրողների, իրավապաշտպանների բանտարկության հանգամանքը:

Զուրաբյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրեց նաև հանգամանքին, որ Թուրքիայում լրագրողների նկատմամբ տեղի են ունենում հետապնդումներ, Ռուսաստանում՝ Բորիս Նեմցովի սպանությունը, Ուկրաինայում՝ Օլեգ Կալաշնիկովի և Օլես Բուզինայի սպանությունները: Այս ամենն, ըստ Լևոն Զուրաբյանի, մտահոգություն է առաջացնում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ընդդիմադիրների անվտանգության կապակցությամբ:

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Վեհաժողովը և մշտադիտարկման հանձնաժողովը պետք է հիմնավոր գնահատական տան անդամ երկրներում տեղի ունեցող գործընթացներին և գործադրեն բոլոր ջանքերը՝ ընդդիմադիրներին պաշտպանելու համար:

«Այլապես, կարծես, երբեմն մոռանում ենք՝ ինչու ենք հավաքվել այստեղ՝ Ստրասբուրգում»,- իր ելույթն այսպես եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: