Այս տարվա առաջին երեք ամիսներին, 2014-ի նույն ժամանահատվածի հետ համեմատ, Հայաստանի արտաքին առևտուրը կրճատվել է 28.5 տոկոսով, և սա, ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած տվյալների, վատագույն ցուցանիշն է 2005 թվականից ի վեր:
Հայաստանի արտաքին առևտրի շեշտակի կրճատումը սկսվեց այս հունվարից, այն համընկավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) մեր երկրի անդամակցությանը:
Նման ցուցանիշները իշխանության ներկայացուցիչները բացատրում են նրանով, որԵՏՄ անդամակցությունից հետո Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի հետ առևտուրի ցուցանիշները ժամանակավորապես չեն ներառվել Հայաստանի արտաքին առևտրի տվյալների մեջ:
Մարտի վերջին «Ազատության» հետ զրույցում այս հիմնավորումը բերեց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը․ - «Մենք գործ ունենք արդեն առանց սահմանի տնտեսական տարածքի հետ, և այդ վիճակագրության մեջ ներառված է միայն այն առևտրաշրջանառությունը, որոնք հատել էին սահմանը: Իսկ Եվրասիական տնտեսական միության ապրանքաշրջանառությունը, որը սահմանի հատում չի գրանցվել, այդ թվերը կլրացվեն, և ավելի ամփոփ վիճակագրություն ձեզ կներկայացվի»:
Փոխնախարարը հավելել էր, թե, իր կարծիքով, ԵՏՄ տվյալները վիճակագրության մեջ կներառվեն «եռամսյակի ավարտից հետո»:
Եռամսյակը ավարտվեց, և Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերը վկայում են, որ առաջին եռամսյակում արտաքին առևտրի անկումը անգամ ավելի մեծ է, քան ճգնաժամային 2009 -ին: Այն ժամանակ արտաքին առևտուրը հունվար-մարտ ամիսներին կրճատվել էր 27.7 տոկոսով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, միության անդամ երկրների միջև առևտուրը այս տարվա առաջին երկու ամիսներին՝ 2014-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվել է 31.1 տոկոսով: Ընդ որում, ըստ հանձնաժողովի՝ 2015-ի հունվար-փետրվարին Հայաստանի առևտուրը Ռուսաստանի հետ կրճատվել է 22.2 տոկոսով, Բելառուսի հետ՝ 37.2 տոկոսով: Հայ-ղազախական առևտրի մասին տվյալներ չկան:
Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանի խոսքով, հայաստանյան գործարարները կրճատում են դեպի Ռուսաստան իրենց արտահանումը, քանի որ գերարժեզրկված ռուբլին թանկ ու հետևաբար անմրցունակ է դարձրել հայկական ապրանքները: Բացի դրանից, վարչահրամայական մեթոդներով գները զսպելու Ռուսաստանի իշխանությունների քայլերը հանգեցրել են նրան, որ տեղերում առևտրականները չեն կարողանում բարձրացնել գները: Հետևաբար ռուբլով և նույն գնով վաճառելով ապրանքները հայաստանցի գործարարը ստանում է անհամեմատ քիչ արտարժույթ, այսինքն՝ վնասով է աշխատում․ - «Հենց ինքնին դա մեծ կրիզիսի առաջ է բերել մեզ: Եվ որոշակի մեծ արտադրողներ և մեծ արտահանողներ (կոնյակ, գինի և ձկնաբուծության մասին է խոսքը), որոնք շատ մեծ գումարներ ունեն այսօր ստանալիք և չեն կարողանում այդ գումարները ստանալ»:
Դիտարկմանը, թե ռուսական կողմն առաջարկում է նոր կուրսով վճարել, Մխջյանն արձագանքեց․ - «Ռուսական կողմը ոչ մի հստակ բան չի ասում, փորձում է ձգձգել իրավճակը, փորձում է ժամանակ շահել՝ մտածելով, որ ռուբլին նորից իր հին դիրքերին կհասնի: Բայց բոլորս գիտենք, որ այդքան շուտ չի կարող հասնել հին դիրքերին»:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, այս թվերը ուղղակի վկայում են, որ Հայաստանում տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ․ - «Այն, ինչ տեղի է ունենում այսօր ռուսական շուկայում, և բոլոր կանխատեսումները նրա մասին են խոսում, որ մինչև տարվա վերջ վիճակը չի շտկվի: 2013 թվականին էլ վիճակը կշտկվի՞, թե՞ շտկվի, դեռևս պարզ չէ»: