ԵԽԽՎ նախագահն անդրադարձել է հայերի հարցին

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասեր, արխիվ

Անն Բրասերը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերին և ժառանգներին:

Երկուշաբթի օրը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի բացման խոսքում ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերն ի շարս չլուծված, բաց հարցերի հիշատակեց Հայոց ցեղասպանությունը:

«Դեռ կան մի շարք հարցեր, որոնք բաց են մնում: Եվ ես կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ անդամ երկրներին այս հարցով աջակցելու համար: Ավելին, իմ այցը Թուրքիա և Հայաստան առիթ դարձավ՝ հետադարձ հայացք գցելու 100 տարի առաջ տեղի ունեցածին: Ապրիլի 24-ին Հայաստանը հիշատակելու է մեկ դար առաջ տեղի ունեցած կոտորածը, և ես հարգանքի տուրք եմ մատուցում զոհերին և նրանց ժառանգներին», - հայտարարեց ԵԽԽՎ-ի նախագահը:

«Բռնությունները երբեք չեն կարող լինել հարցի լուծման տարբերակ: Մենք պետք է խոսենք իրար հետ, լսենք իրար և փորձենք հասկանալ իրար` միասին հարցեր լուծելու համար: Եվրոպայի խորհրդի 47 երկրները կիսում են ընդհանուր պատմությունը և կոչված են կերտել ընդհանուր ապագա, քանի որ, չնայած մեր տարբերություններին և անհամաձայնություններին, մենք նույն ընտանիքից ենք», - ասաց Բրասերը:

Թուրքական պատվիրակության ներկայացուցիչը հնչեցրեց թուրքական պնդումները՝ 1915 թվականի դեպքերի կապակցությամբ, դժգոհեց հակաթուրքական քաղաքականությունից, ապա, շարունակելով ընդդիմանալ հակափաստարկներին, հույս հայտնեց, թե «Հայաստանը կառուցողական մոտեցում կցուցաբերի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար»:

Նրան հաջորդեց անմոռուկը կրծքին փակցրած, Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը: Նաղդալյանը հիշատակեց Հռոմի պապի խոսքը Հայերի ցեղասպանության մասին: Նաև ողջույնի խոսք հղեց Եվրամիության բանաձևի ընդունման կապակցությամբ:

«Սա նաև մեր Վեհաժողովի գործն է», - հայտարարեց Նաղդալյանը՝ ավելացնելով, որ 40 երկրից ավելի քան 190 ներկայացուցիչ է միացել շրջանառության մեջ դրած բանաձևի նախագծին:

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանի ելույթը նույնպես 100-ամյակի թեմայով էր: Նա նշեց՝ հանձնաժողովի կարիք չկա Հայոց ցեղասանության փաստն ապացուցելու համար` ավելացնելով, որ պատմական փաստերն ապացուցման կարիք չունեն: