Բազմանդամ ընտանիքի հայրը Դդմաշենը լքել չի ցանկանում

Your browser doesn’t support HTML5

Վահագն Սարգսյանն իր 9 հոգանոց ընտանիքով ապրում է Դդմաշեն գյուղում։ Ինքն է ստեղծում իր ապրուստը՝ թեև դժվարությամբ: Զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ:

«Գյուղատնտեսության մեջ տեխնիկան խնդիր ա, վառելիքը խնդիր ա, պարարտանյութը խնդիր ա: Քո տանջանքը, քո արած ծախսը չի հանում, էլի», - ասում է բազմանդամ ընտանիքի հայրը, - «Բայց դե՝ ես դրան չեմ նայում, ինչքան էլ դժվար լինի՝ էդ վարուցանքին, էդ անասնապահությանը գնում եմ, որ, ինչքան էլ օգուտ չի, բայց դե՝ ընտանիքը ապրում ա»։

Վեց երեխաներից երկուսն ուսանող են, մյուսները՝ դպրոցական։ Ընտանիքը 43 հազար դրամ նպաստ է ստանում, սակայն այդ գումարը միայն էլեկտրաէներգիայի վճարին է բավականացնում։

Գյուղնախարարությունը շուկայականից ցածր գներով վառելանյութ ու պարարտանյութ է տրամադրում գյուղական համայնքներին՝ որպես օգնությունը: Դա, սակայն, բոլորը չէ, որ կարողանում են գնել:

«Հիմա 6 հազարով մի մեշոկ սիլիտրան բերում են գյուղ, էդ մի անգամն ա՝ ով կարա էդ մոմենտին օգտվի, կօգտվի: Չէ՝ պիտի հետո գնաս 10.000 դրամով առնես», - ասում է Վահագն Սարգսյանը:

Դդմաշենցիներն ասում են, որ գյուղի հողերի հազիվ 5 տոկոսն է մշակվում: «Տեսանք չենք կարում տակից դուրս գանք՝ չէ չցանեցինք», - մեզ հետ զրույցում պատմեց գյուղի բնակիչներից մեկը:

Գյուղատնտեսությունից հույսը կորցրած դդմաշենցիների մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնում՝ հիմնականում Ռուսաստան։

«Մոսկվայում թաղամաս կա, որ ասում են՝ մենակ գյուղապետն է պակասում, որ հավաքվենք գյուղացիքով: Գյուղի 60 տոկոս դուրսն ա», - ասում է Վահագն Սարգսյանը:

Բազմանդամ ընտանիքի հայրը Դդմաշենը լքել չի ցանկանում, սակայն նշում է, որ հատկապես երիտասարդներն այստեղ անելիք քիչ ունեն։ Ավագ դուստրերից մեկն ուսանում է Գյուղատնտեսական համալսարանում, մյուսը՝ Հրազդանի հումանիտար ինստիտուտում, սակայն ուսումն ավարտելուց հետո տեղում աշխատանք չեն ունենալու։ 100-ամյա դպրոցից բացի, այստեղ այլ հաստատություն չի գործում։