Միջերկրականում փախստականների տեղափոխող նավ է խորտակվել, կան հարյուրավոր անհետ կորածներ

Լիբիայի ափամերձ տարածքում այս գիշեր խորտակվել է փախստականների տեղափոխող մի նավ: Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ, նավաբեկության հետևանքով շուրջ 700 մարդ կարող է խեղդված լինել: Իտալացի փրկարարներին հաջողվել է փրկել 28 մարդու, սակայն փոքր նավը լեփլեցուն է եղել դեպի Իտալիա մեկնող փախստականներով:

Միգրացիայի համաշխարհային կազմակերպության տվյալներով, այս տարի Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից շուրջ 20 հազար փախստական արդեն իսկ տեղափոխվել է Իտալիա:

Անցած շաբաթ ևս մեկ գերբեռնված նավ էր խորտակվել, որի ուղևորները՝ շուրջ 400 մարդ, հավանաբար նույնպես զոհվել են:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհի առաջնորդներին «վճռական քայլերի դիմել և թույլ չտալ, որ այս ողբերգությունները շարունակվեն»: