Նաիրիտցիները դժգոհ են վարչապետի հետ հանդիպման արդյունքից

Your browser doesn’t support HTML5

«Նաիրիտ» գործարանի աշխատողների խումբն այսօր հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպումից հետո նրանք լրագրողներին փոխանցեցին, որ քննարկվել են և՛ աշխատավարձերի, և՛ գործարանի վերագործարկման հարցերը:

Նրանց խոսքով, վարչապետը խոստացել է՝ մինչև այս ամսվա վերջ գործարանի նախկին և ներկա աշխատողներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ, չորս ամսով էլ կհետաձգվի նաիրիտցիների ուսանողների վարձերի վճարումը։ Աշխատանքային խմբի ներկայացուցիչների հարցին, թե հնարավո՞ր է մարդկանց գոնե երկու ամիսը մեկ աշխատավարձ տալ, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է՝ չի խոստանում, բայց կանի հնարավորը։ Դրսում սպասող նաիրիտցիները հանդիպման արդյունքից դժգոհ էին՝ նշելով, որ ակնկալում էին ոչ թե մեկ այլ մի քանի ամիսների վարձատրություն։

Ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ Հովիկ Աբրահամյանը մերժել է բյուջետային և արտաբյուջետային միջոցներից իրենց պարտքը անհապաղ մարելու պահանջը․ - «Այդպես չի կարող լինել՝ մենք ամեն անգամ փողոցներում կոտորվենք, կանգնենք, որպեսզի դուք մեզ 1 աշխատավարձ առաջարկե՞ք։ Տհաճ քայլ է անում վարչապետը, որովհետև անընդհատ շահարկում է բանակը, դպրոցը, ասում է՝ ի՞նչ անեմ, բանակից վերցնեմ ձեզ տա՞մ, դպրոցից վերցնեմ ձեզ տա՞մ։ Ասենք՝ Կառավարության սենյակ վերանորոգելու համար որոշակի գումար է ճախսվում, որտեղի՞ց եք վերցնում, բանակից ու դպրոցի՞ց։ Երբ որ հարցը գալիս է մարդկանց աշխատավարձ տալուն ստացվում է, որ դուք հենց բանակից պիտի վերցնեք, հենց դպրոցից պիտի վերցնեք, բյուջետայինների աշխատավարձից պիտի վերցնեք»:

Պարտքի ամբողջական մարման համար, ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, երկար ժամանակ է անհրաժեշտ՝ պետք է վաճառվի գործարանի ոչ պիտանի գույքը։ Կառավարությունը թերահավատ է գործարանը հետագայում վերագործարկելու հարցում։ Վարչապետը նաիրիտցիներին հայտնել է, որ Համաշխարհային բանկի միջոցներով անցկացված աուդիտի նախնական դիտարկումից պարզ է, որ ներկա տեխնիկական հնարավորություններով գործարանն աշխատեցնել հնարավոր չէ, և անհրաժեշտ է 240-350 միլիոն դոլարի ներդրում կատարել։ «Նաիրիտի» արտադրության գծով պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի կարծիքով, եթե գործարանը պարապուրդի մատնվի, Հայաստանի արդյունաբերությունը լուրջ վնաս կկրի։

«40-60 միլիոն եթե ներդրում անեն, «Նաիրիտը» հնարավոր է այս մեռյալ կետից բերել նորմալ վիճակի։ «Նաիրիտը» վերջին կամուրջն է, որը կարող է Հայաստանը իր արդյունաբերությամբ կապել համաշխարհային շուկային և դրանով Հայաստանում վերականգնել, վերածնել արդյունաբերությունը և լուծել ամենակարևոր օրակարգային հարցը՝ արտագաղթի հարցը», - ասում է Հովհաննիսյանը:

Արհմիության ղեկավար Հարչ Թադևոսյանը ցուցարարներին հորդորում էր մինչև մայիսի վերջ բողոքի ցույցերը դադարեցնել և սպասել կառավարության հետագա քայլերին, սակայն, ներկաները նշեցին, որ պայքարը շարունակելու են։ Գործարանի տարածքում նաիրիտցիները կհավաքվեն ապրիլի 27-ին։