Իսրայելում և աշխարհի շատ երկրներում ապրիլի 16-ին նշվեց Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը: Հարգանքի տուրք մատուցվեց նացիստական Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում համակենտրոնացման ճամբարներում սպանված մոտավորապես 6 միլիոն հրեաների հիշատակին:
Այդ օրը առավոտյան ժամը 10-ին Իսրայելում մեկ րոպե լռություն է տիրում, կանգ են առնում մեքենաները, տրանսպորտը, գործարանները: Հրեաների Ողջակիզման հիշատակի արարողություններ են անցկացվել նաև Իսրայելի կրթօջախներում:
Լեհաստանում Աուշվից նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում անցկացվել է ավանդական դարձած երթը: 50 երկրներից այստեղ ժամանած մոտավորապես 8 հազար հրեաներ են մասնակցել Աուշվիցի զոհերի հիշատակի երթին:
Երկրորդ համաշխարհայինի տարիներին այստեղ մոտավորապես 1 միլիոն հրեաներ են սպանվել, 100 հազար լեհեր ու խորհրդային երկրների ռազմագերիներ:
Հինգշաբթի օրը Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հատուկ ուղերձով հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Մենք պետք է ուժեղ և վճռականորեն դատապարտենք հակասեմիտիզմը, որը դեռ շատ է տարածված», - ասել է Օբաման՝ շեշտելով․ - «Մենք պետք է դիմակայենք անհանդուրժողականությանը և ատելությանը բոլոր ձևերի մեջ և միասին կարող ենք մեր երեխաներին փոխանցել ավելի արդար, ավելի ազատ և ավելի պաշտպանված աշխարհ ամբողջ մարդկության համար: Աշխարհը պետք է հիշի «երբեք չի մոռացվի» և «երբեք չի կրկնվի» բառերը»:
Ապրիլի 14-ին Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Նաշման Շաին «Ջերուսալեմ Փոսթ» պարբերականին ասել է, որ Իսրայելը և հրեա ժողովուրդը չի կարող անտեսել հայերի ցեղասպանությունը: Նախատեսվում է, որ Նաշման Շաին և մեկ այլ պատգամավոր՝ Անադ Բերկոն ժամանելու են Հայաստան՝ ապրիլի 24-ին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին:
«Ջերուսալեմ Փոսթ»-ը գրում է, որ Հայաստանի կառավարությունը Իսրայելին հրավեր էր հղել, որպեսզի պաշտոնական պատվիրակություն այցելեր Հայաստան: Իսրայելի արտգործնախարարությունն էլ դիմել է Քնեսեթին՝ խնդրելով, որ երկու պատգամավոր այցելեն Հայաստան: