Երեկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի զորամասերի ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն:
Զորավարժությանը հետևել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչներ և հրավիրվածներ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախքան նշված միջոցառման մեկնարկը զորավարժարանին կից տարածքում ցուցադրվել են մի շարք զորատեսակների և ծառայությունների կողմից բացազատված ուսումնական կետերը, ներկաները ծանոթացել են ինչպես ըստ ուղղությունների ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, այնպես էլ մարտական կարևորության որոշ նորությունների:
Այնուհետև ղեկավարման կետում ծավալված մանրակերտի վրա միավորման հրամանատարը ներկայացրել է զորավարժության համար ստեղծված նախնական իրադրությունը և ըստ այդմ սպասվող զարգացումների հաջորդականությունը:
Ի տարբերություն նմանօրինակ այլ միջոցառումների՝ զորավարժության ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել կրակային խոցման միջոցների, մասնավորապես՝ հրետանային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունների վրա, ինչը պայմանավորված էր ժամանակակից համազորային մարտում նշված զորատեսակի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
«Մարտաուսումնական գործողությունների ընթացքից պարզ երևում էր, որ ինչպես հրետանին, այնպես էլ զորավարժությանը ներգրավված մյուս զորատեսակները իրենց առջև դրված խնդիրները կատարում են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պահանջներին համահունչ և առանց նշանակալի թերացումների: Հատկապես առանձնացման արժանի է զորատեսակների ճիշտ փոխհամագործակցության, հրամանատարների կողմից ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու բարձր մակարդակը», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
«Ընդհանրացնելով մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության արդյունքները, կարելի է միանշանակ փաստել, որ մասնակից զորամասերի հրամանատարական և շարքային անձնակազմը ճիշտ է ընկալում իր առջև դրված խնդիրներն ու պահանջները և դրանք իրականացնում բարձր պատասխանատվությամբ: Միաժամանակ զորավարժությունը ցույց տվեց, որ այն բացի մասնակից զորամասերի ունեցած մարտական հնարավորությունների ստուգատես լինելուց, նաև այդ հնարավորությունները կատարելագործելու լավագույն միջոց է», - նշում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: