Սպիտակ տունը «պատմական փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչման» կողմնակից է

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Սպիտակ տան խոսնակը չի կարծում, թե մինչև ապրիլի 24-ը Օբամայի վարչակազմի մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում կփոխվի:

Միացյալ Նահանգների նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին մեկևկես միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան նախապատրաստվող հայտարարությունում ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ հարցին:

«Մենք ընդգծել ենք նաև, որ մենք ողբում ենք այդ մահերի համար, և որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում», - ասել է Ըրնեսթը:

Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը, նշել է Սպիտակ տան մամլո խոսնակը:

Նրա խոսքով՝ պատմական այդ փաստի ճանաչման անհրաժեշտությունը տարիների ընթացքում առաջնորդել է ամերիկյան վարչակազմի մոտեցումը:

«Նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում այս իրավիճակի կապակցությամբ, այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, և ես չեմ կարծում, որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի», - ամփոփել է Սպիտակ տան խոսնակը:

Նախօրեին, հիշեցնենք, համանման հայտարարությամբ էր հանդես եկել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակը: