Փորձաքննությամբ հերքվել է, թե Պերմյակովը խլացուցիչ է օգտագործել

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործով ստացվել է նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Փորձաքննությամբ հերքվել է դեպքի վայրում հայտնաբերված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված լինելու հնարավոր վարկածը․ - «Ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել»:

«Մյասնիկյան փողոցի 188 տան պատերի, կահույքի, վերմակների, ծածկոցների, տուժողների հագուստների վրա հայտնաբերված վնասվածքները, փորձաքննության եզրակացության համաձայն,պատճառվել են 5,45մմ տրամաչափի գնդակներով և դրանց բեկորներով։ Դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները, դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին:

Դեպքի վայրում հայտնաբերված զինվորական հագուստների վրա փորձագետները հայտնաբերել են կրակոցի արգասիքների կազմի մեջ մտնող պղնձի և անտիմոնի մետաղացման հետքեր»:

Նման հետքեր են հայտնաբերվել նաև տուժողների հագուստների, մահճակալի վրա առկա վերմակների, ծածկոցի վրա տեղակայված հրազենային վնասվածքների հատվածներում:

Անչափահաս Սերյոժա Ավետիսյանի հագուստների, մանկական ծածկոցի, սավանի վրա հայտնաբերված կտրած-ծակած վնասվածքները, եզրակացության համաձայն, կարող էին առաջանալ ինչպես փորձաքննությանը ներկայացված սվին-դանակի շեղբի ներգործության, այնպես էլ նմանատիպ` մեկսայրանի ծակող-կտրող շեղբ ունեցող այլ գործիքի (ների) շեղբի ներգործությունների արդյունքում»:

Փորձաքննության ներկայացված՝ դեպքի վայրում հայտնաբերված սվին-դանակը հանդիսանում է «АКМ» տեսակի (հետագայում նաև «АК-74», «АКС-74» տեսակի) ինքնաձիգների համար նախատեսված գործարանային արտադրության 2-րդ մոդելի սվին-դանակ և հանդիսանում է կտրող-ծակող մարտական սառը զենք: Սվին-դանակի վրա փորձագետները հայտնաբերել են համեմատական հետազոտության համար պիտանի, բամբակյա ծագում ունեցող դեղնավուն թափանցիկ, քիմիական ծագում ունեցող դեղնավուն թափանցիկ, կանաչ և բաց կանաչ, եզակի միկրոմանրաթելեր, որոնք ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Սերյոժա Արմենի Ավետիսյանի ժիլետի գործվածքի կազմի մեջ մտնող համապատասխան մանրաթելերի հետ», - ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ: