Մետրոպոլիտենի երեք նախկին աշխատակիցների՝ Գագիկ Գալստյանի, Սևակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գևորգյանի շահերի պաշտպան Քրիստինա Գևորգյանն այսօր դատարանում իր վրդովունքը հայտնեց դատական գործի վերսկսման կապակցությամբ՝ պնդելով, որ այդպիսով խախտվում է քննությունն ավարտելու ողջամիտ ժամկետը: Ավելի վաղ վճիռ կայացնելու նպատակով խորհրդատվական սենյակ հեռացած դատավոր Սիմիզար Հովսեփյանը որոշել էր նոր քննություն սկսել այս գործով:
Մեկ տարուց ավելի գործազուրկ դարձած՝ մետրոյի նախկին աշխատակիցները վտահ են՝ աշխատանքից հեռացվել են անցած տարի փետրվարի 11-ի պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմցույցին մասնակցելուց հետո: Մետրոյի ղեկավարությունը պնդում է, թե նրանք պարբերաբար թերացել են աշխատանքում:
Պատասխանող կողմի փաստաբան Արտակ Երեմյանը որպես ապացույց դատարանին էր ներկայացրել աշխատանքային մի քանիգրանցամատյաններ, որոնցում, ըստ նրա, այդ թերացումները արձանագրված են:
Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ անգամ թերություններով, այդ աշխատանքներն ընդունվել են անմիջական ղեկավարի կողմից: Այս մասին վկայում է վերջինիս ստորագրությունը յուրաքանչյուր գրառման դիմաց: Իսկ ո՞ւր է այսօր այդ աշխատողը: Այս հարցին ի պատասխան, Մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանն ասաց՝ շարունակում է աշխատել Մետրոպոլիտենում՝ նույն պաշտոնում:
«Իմ կարծիքով ղեկավարը թույլ ա հսկել: Ի՞նչ անեինք, ղեկավարին հանեի՞նք», - ասաց Մնացականյանը:
Չկատարված աշխատանքի պատասխանատուն մեքենավարն է, պնդում է Սամվել Մնացականյանը՝ այդպես էլ դատավորին չբացատրելով, թե այդ դեպքում ինչ գործառույթ է առհասարակ իրականացնում մեքենավարների աշխատանքը վերահսկող անձը:
Հարկ է նշել, որ աշխատանքային 15 տարիների ընթացքում փորձառու մասնագետները երբևէ գրավոր նկատողություն չեն ստացել: Թերի աշխատանքի վերաբերյալ միակ ապացույցն այս գրանցամատյաններն են, ուստի դատավորը Մետրոպոլիտենի ղեկավարությունից պահանջեց հաջորդ նիստին ներկայացնել բոլոր աշխատանքային գրանցամատյանները՝ պարզելու՝ դրանցում արձանագրվա՞ծ է գոնե մեկ դիտողություն:
Հայցվոր կողմը անհիմն է համարում գրանցամատյանների ուսումնասիրությունը: Ըստ փաստաբան Գևորգյանի՝ դրանք կապ չունեն գործի քննության հետ, իր վստահորդները աշխատաքնից ազատվել են անվստահության հիմքով:
Աշխատանքային օրենսգրքից դրույթներ մեջբերելով՝ նա պնդեց, որ նման հիմքով աշխատանքից ազատվում են այն դեպքում, եթե կազմակերպության հետ կապված գաղտնիք է հրապարակվել, պատճառվել է նյութական վնաս կամ եղել է թերացում, ուսումնադաստիարակչական աշխատանքներում: Ըստ փաստաբանի, դատարանում, համենայնդեպս, նշված հիմքերից որևէ մեկը չապացուցվեց:
Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում փաստաբան Գևորգյանը կարծիք հայտնեց, որ գործը միտումնավոր է ձգձգվում․ - «Ես դեռ գտնում եմ, և իմ վստահորդները նույն կարծիքին են, որ որոշ չափով քաղաքական մոտեցում է դրսևորվում թե դատարանի կողմից, թե Մետրոպոլիտենի կողմից, որովհետև մենք դեռ պնդում ենք, որ իրենք աշխատանքից ազատվել են այդ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ իրենց դժգոհությունը ցուցաբերելու պայմանով»:
Դատարանը հաջորդ նիստը նշանակեց մեկ ամիս անց՝ մայիսի 15-ին: