Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ռիվերային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման համար, հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Դեսպանը նշել է, որ Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու ընթացքում փորձել է առավելագույնս օգտակար լինել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ավելի սերտացմանն ու ամրապնդմանը և այսուհետ ևս Հայաստանից դուրս էլ շարունակելու է մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը:
Հանդիպման մասնակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արգենտինահայ համայնքի մասին՝ նշելով, որ բավականին կազմակերպված և ուժեղ համայնքն զգալիորեն նպաստում է Հայաստանի և Արգենտինայի միջև միջպետական կապերի ամրապնդմանը: