Պետքարտուղարություն. Ազգերը հզորանում են սեփական պատմության ճանաչմամբ

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆ, արխիվ

Անհրաժեշտ է ճանաչել մեկևկես միլիոն հայերի ոչնչացման պատմական փաստը, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության մամլո խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆը:

«Նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին մեկևկես միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատում: Բազմիցս նշվել է, որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում», - ասել է Հարֆը:

Նրա խոսքով, պատմական այդ ծանր փաստի ճանաչման անհրաժեշտությունն այն կարևորագույն սկզբունքներից մեկն է, որոնցով առաջնորդվում է ամերիկյան վարչակազմի մոտեցումն ինչպես այս հարցի նկատմամբ, այդպես էլ՝ դաժանությունները կանխելու վերաբերյալ:

«Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները», - ասել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Մարի Հարֆի խոսքով՝ հենց ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը, դա է նաև Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ընդունած քաղաքականությունն այս հարցի շուրջ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հիշեցնենք, ապրիլքսանչորսյան իր ուղերձներում օգտագործում է հայերեն Մեծ եղեռն բառակապակցությունը՝ խուսափելով ցեղասպանություն բառն օգտագործելուց: