Այսօր երեկոյան ձայների մեծամասնությամբ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«[Հայոց ցեղասպանության] հարյուրերորդ տարելիցի շեմին [Եվրոպական խորհրդարանը] հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության և համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը, և կոչ է անում Եվրամիության Հանձնաժողովին ու Խորհրդին միանալ ոգեկոչմանը», - ասված է բանաձևում:
Հայաստանը ողջունել է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Եվրախորհրդարանը այսօր ընդունած բանաձևով ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձևում Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի, և դատապարտում է դրա ժխտումը։