ՌԴ գլխավոր դատախազը 2 ամիս է՝ չի պատասխանել Կոստանյանի նամակին

Your browser doesn’t support HTML5

Գյումրեցի ակտիվիստները Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային այսօր շախմատ նվիրեցին՝ հիշեցնելու, որ վերջինս 2 ամսից ավելի է՝ չի պատասխանում իր հայ գործընկերոջ՝ Գևորգ Կոստանյանի նամակին՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը հայ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ։ Ակտիվիստները հավաքվել էին Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ, սակայն ռուսական կողմից այդպես էլ որևէ մեկը դուրս չեկավ ու նվերն էլ չընդունեցին։

Շախմատի հետ գյումրեցիները կից նամակ էին պատրաստել՝ հորդորելով Չայկային շախմատն ընդունել որպես նվեր՝ ի նշան երկու երկրների բարեկամության:

«Լցրեք Ձեր պարապությունը կամ պատասխանեք Ձեր հայ գործընկերոջ նամակին: Սխալ մտածված քայլերը կարող են լարվածություն առաջացնել հայ և ռուս ժողովուրդների բարիդրացիական հարաբերություններում», - գրել են գյումրեցիները։

Թե ինչու որոշեցին Չայկային հենց շախմատ նվիրել հարցին, ակտիվիստներից Կարեն Պետրոսյանը պատասխանեց․- «Շախմատը շատ իմաստներ ունի: Ամեն մեկը կարող է յուրովի մեկնաբանել, բայց հիմնականը, որ մեզ հետ պետք չի խաղեր խաղալ: Եվ մենք ասում ենք, որ ցանկացած սխալ քայլ, որ կանի ռուսական իշխանավորը, կարող է էապես վնասել հայ-ռուսական հարաբերություններին: Ռուսաստանի քաղաքացիները միշտ մեր քաղաքում իրենց լավ են զգացել, և ես չեմ ուզենա, որ վաղը, որ ես տեսնեմ ռուս զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամին, ես թշնամանք ունենամ, ինչ է՝ ռուս չինովնիկը իր պարտականությունը չի կատարել: Ամեն մեկիս համար դա վիրավորական է՝ երկու ամիս է այդ պաշտոնական պատասխանը չկա»:

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից 3 ամիս է անցել ու, ըստ էության, բացի մի քանի փորձաքննությունների եզրակացություններից այլ բան հայտնի չէ։

Այսօր ճիշտ այն օրն է, երբ 3 ամիս առաջ Գյումրիում Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը տղամարդու խոստում տվեց ցուցարարներին, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու համար կդիմի ռուս գործընկերոջը։

Կարեն Պետրոսյանն ասաց, որ իրենք կսպասեն մինչև ապրիլի 24-ը, ապա, եթե իրենց պահանջները չբավարարվեն, կդիմեն կտրուկ գործողությունների։

Ի դեպ, մի քանի օր առաջ Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի խափանման միջոցը՝ կալանքը, ռուսական կողմը երկարաձգեց ևս 2 ամսով։ Հայաստան այցելած ռուս պաշտոնյաներն էլ որպես գործի առաջընթաց նշում են, որ 4 հազարից ավելի մարդ է հարցաքննվել և որ շուտով գործը դատարան կմտնի՝ չմոռանալով մատնանշել, որ այն Հայաստանի տարածքում կքննվի՝ ռուսական ռազմաբազայում։