Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին զեկույցի, Հարավային Կովկասում տնտեսությունը հետընթաց կապրի միայն Հայաստանում։ Վրաստանի համար ԱՄՀ-ն կանխատեսել է 2, իսկ Ադրբեջանի համար 0,6 տոկոսի աճ։
Միջազգային հեղինակավոր կառուցը է՛լ ավելի մեծ անկում է կանխատեսել ԵՏՄ անդամ Ռուսաստանում՝ 3.8, և Բելառուսում 2.3 տոկոս։
Հատկանշական է, որ նույն Արժույթի միջազգային հիմնադրամը նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանի համար մոտ 3.5 տոկոս աճ էր կանխատեսել։
Հայաստանյան փորձագետների համար ԱՄՀ-ի բացասական կանխատեսումը սպասելի էր։
Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, տարեսկզբից արձանագրվող միտումներն արդեն ուրվագծել էին ճգնաժամը» - «Կարծում եմ, որ ներկա իրավիճակում գուցե այս կանխատեսումը նույնիսկ մի փոքր լավատեսական հնչի, որովհետև այն, ինչ կատարվում է մեր տնտեսության մեջ, ավելի խորը անկումների սպասումների հիմք է տալիս»։
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի համար նույնպես միջազգային հիմնադրամի կանխատեսումը իրատեսական է։ Ավելին՝ նրա կարծիքով, տնտեսական անկումը կարող է հասնել մինչև 3 տոկոսի։ Տնտեսագետը մատնանշում է Հայաստանի արդեն 5 մլրդ դոլարի հասնող պարտքն ու փաստում՝ արդեն վարկով հին վարկերն ենք մարում․ - «Սա է լուրջ: Եվ եվրոբոնդերի հենց այդ բարձր տոկոսադրույքները խոսում են դրա մասին: Որ Հայաստանին սկսում են չվերաբերել որպես լուրջ գործոն»:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի անկումը կապում է Ռուսաստանի վատթարացող տնտեսական վիճակի հետ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ կան նաև մի շարք ներքին խնդիրներ: Մասնավորապես, անցած տարեվերջից մոտ 20 տոկոսով արժեզրկված դրամը, արտահանման ծավալների կրճատումը ու դոլարիզացիայի բարձր աստիճանը։
Խաչատրյանը համակարծիք է, Հայաստանը էապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից․ դաշնակից երկրի անկման ցուցանիշները կրկնակի հետընթաց են ապահովել Հայաստանի համար․ - «Մենք կախված ենք այդ տնտեսությունից: Մենք միասնական․․․ կարելի է ասել՝ մեկ զամբյուղի մեջ դասավորված ձվերի է նման, որ եթե կոտրվում է, միասին է կոտրվում»:
ԱՄՀ-ն նշում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է բարձրացնեն ներքին դիմադրողականությունը՝ արտաքին, մասնավորապես Ռուսաստանում ընթացող գործոնների ազդեցությունը մեղմելու համար, բարեփոխեն հարկային վարչարարությունը, բարելավեն բիզնես միջավայրը, նվազեցնեն 30 տոկոսի շեմը գերազանցող աղքատության ցուցանիշը։
Ըստ հիմնադրամի, Կառավարությունն այսօր ի վիճակի է լուծել այս մարտահրավերները։
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, սակայն, մինչև օրս անգամ չի վերանայել այս տարվա համար նախանշած 4.1 տոկոս տնտեսական աճը։
Հայկ Գևորգյանի խոսքով՝ Կառավարությունը վախենում է խոստովանել սեփական ձախողումը․ - «Միգուցե դա ինչ-որ հոգեբանական բարդույթի արդյունք է: Կառավարությունը կոպիտ ասած՝ ֆոբիա ունի ցուցանիշները վերանայելու։
Ճգնաժամային իրավիճակի վրա դրական ազդեցություն, ըստ մասնագետների, չի ունենա նաև մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Նրանք մատնանշում են, որ անդամակցության առաջին իսկ ամիսներին արտահանման ծավալները դեպի Եվրասիական միության անդամ երկրներ զգալիորեն նվազել են։
«Կարծում եմ, ոչ: Երեք ամսվա ընթացքում ունեցել են առևտրային հարաբերությունների անկում: Սա նշանակում է, որ ԵՏՄ-ն դեռևս չի կարողանում իրեն լիարժեք դրսևորել որպես տնտեսական գործընկերության միավոր», - ասաց Վիլեն Խաչատրյանը:
Նրա խոսքով, ԱՄՀ-ի բացասական կանխատեսումը վաղուց արդեն սեփական մաշկի վրա զգում է բնակչության զգալի մասը։ Երկրում առկա սոցիալական ու տնտեսական ծանր վիճակի մասին են վկայում նաև անցկացված մի շարք հետազոտություններ․ - «Բացասական զարգացումները մեզանից գրեթե 50 տոկոսը իր վրա զգում է: Մոտ 40 տոկոսի մոտ կայուն վիճակ է, այսինքն նախկին մակարդակի վրա է: 5-10 տոկոսի շրջանակներում է ամբողջ Հայաստանի բնակչության, որ, կարելի է ասել, որոշակի դրական աճ կամ պրոգրես են զգում իրենց գործունեության մեջ»:
Ի դեպ, Արժույթի միջազգային հիմնադրամը լավատեսական կանխատեսում չի անում նաև հաջորդ տարվա համար՝ ակնկալելով, որ 2016-ի Հայաստանում անկում չի լինի, բայց աճ էլ չի արձանագրվի։