Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի Նոր տարին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Մալաքե Թաուսի կապակցությամբ։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Անցնող տարին ծանր եղավ Մերձավոր Արևելքում բնակվող բազում եզդիների համար, և փորձություններն այժմ էլ շարունակվում են: Վստա՛հ եղեք, որ մենք ձեր կողքին ենք այս բարդ իրավիճակում, և կարող եք ակնկալել մեր հետագա աջակցությունը: Մալաքե Թաուսն իր հետ բերում է նոր հույսեր ու երազանքներ, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ ու ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում: Երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ եզդի հայրենակիցներ»: