Բաքուն մեղադրում է ռուսական ընկերությանը

Կյանքը Լեռնային Ղարաբաի մայրաքաղաք Ստեփանակերտում, արխիվ

Ստեփանակերտը, մինչդեռ, պնդում է, որ «Բիլայն»-ի հետ համագործակցություն Ղարաբաղը չունի։

Ադրբեջանը քննարկման առարկա է դարձնում «Բիլայն»-ի գործունեությունը Ղարաբաղում, իսկ Ստեփանակերտից պնդում են, որ այդպիսի գործունեություն ընդհանրապես չկա։

Բաքուն գտնում է, որ Ադրբեջանի «օկուպացված տարածքներում» իր գործունեությամբ ռուսական «Բիլայն» ընկերությունը լրջորեն խախտում է Հեռահաղորդակցության միջազգային միության կանոնները և դրույթները։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը APA գործակալությանն ասել է, թե Ադրբեջանի «օկուպացված տարածքում» «Բիլայն»-ի համագործակցությունը «Ղարաբաղ տելեկոմ»-ի հետ լուրջ մտահոգություններ է առաջացնում։

«Չնայած դիվանագիտական խողովակների միջոցով բազմիցս դիմումներին՝ «Բիլայն»-ը չդադարեցրեց իր այդ գործունեությունը, իսկ վերջերս «Բիլայն»-ի առաջարկած փաթեթը ենթադրում է ավելի հեշտ և էժան հեռախոսազանգեր Ադրբեջանի օկուպացված տարածքներ», - ասել է Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով, «անօրինականորեն» գործող «Ղարաբաղ տելեկոմ»-ի հետ «Բիլայն»-ի համագործակցությունը նշանակում է անօրինական ներխուժում Ադրբեջանի հեռահաղորդակցության տարածք, հետևաբար նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմաների խախտում։

Ասելով, թե «Բիլայն»-ը իր գործունեությամբ լրջորեն խախտում է Հեռահաղորդակցության միջազգային միության կանոնները, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը նշել է, որ «Բիլայն»-ի նման գործունեությունը հակասում է Ռուսաստանի Դաշնության պաշտոնական քաղաքականությանը, որը պաշտպանում և հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները։

Հաջիևն ասել է, թե «Բիլայն»-ի հարցը կքննարկվի Հեռահաղորդակցության միջազգային միությունում, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններում։

Հիշեցնենք՝ Հայաստանում 2006 թվականին ռուսական «Վիմպելկոմ»-ը գնել է «ԱրմենՏել»-ը և ծառայությունները մատուցում է «Բիլայն» ապրանքանիշով, սակայն Ղարաբաղում «Ղ-տելեկոմ»-ից բացի բջջային այլ օպերատոր չկա։

Ղարաբաղի կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Որքանով ես տեղյակ եմ, ինչ-որ յուրահատուկ համագործակցություն չկա։ «Ղարաբաղ տելեկոմ»-ը Արցախում միակ օպերատորն է, այսինքն՝ «Բիլայն»-ը Արցախում գործունեություն չի ծավալում, միակ գործունեություն ծավալելու տարբերակը հավանաբար այն կարող է լինել, որ «Բիլայն»-ի, այսինքն՝ «ԱրմենՏել»-ի հեռախոսահամարները, ինչպես և մնացած՝ «ՎիվաՍել»-ի, «Օրանժ»-ի հեռախոսահամարները կարող են գործել նաև Արցախում, ինչպես այլ արտասահմանյան երկրներում, այսինքն՝ ռոումինգով կարող են գործել: Այլ խնդիր, այլ համագործակցություն կարծես թե ես չեմ տեսնում»։

«Բայց մնացածը, կարծում եմ, այդ համագործակցության մասով, երևի «ԱրմենՏել»-ից կամ «Ղարաբաղ տելեկոմ»-ից ավելի մանրամասն կարող եք իմանալ, եթե կա այդպիսին», - եզրափակեց Լեռնային Ղարաբաղի կառավարության խոսնակը: