Երասխի գինու գործարանն արդեն 3 ամիս է՝ չի աշխատում։ Գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևանյանն ասում է, որ ստիպված են եղել դռները փակել. արտահանման ծավալները կիսով չափ նվազել են։
Նախորդ տարիներին արտադրանքի մոտ 70 տոկոսը արտահանել են Ռուսաստան: Ռուբլու արժեզրկումից հետո, սակայն, այդ շուկան անհուսալի է դարձել։
Տնօրենը սահմանամերձ գյուղում գտնվող գործարանի ապագայի մասին հուսադրող կանխատեսում չունի․ - «Կառավարությունից է կախված․ կուզի՞ Երասխի գինու գործարանը աշխատի, թե՞ չէ»:
Գործարանի սեփականատերը մատնանշում է առևտրային բանկերից վարկեր ստանալու դժվարություններն ու բարձր՝ 14-16 տոկոս դրույքաչափերը։ ժամանակին, նրա խոսքով, վարկեր էին տալիս միայն դոլարով՝ կրկնապատկելով արտադրողի վնասները: Հիմա, սակայն, բանկերը հրաժարվում են անգամ դոլարով վարկեր տալ։
Արտադրողը կառավարությունից է ծրագիր ակնկալում ճգնաժամից դուրս գալու համար։ Ասում է՝ սահմանամերձ գյուղում աշխատատեղերի հնարավոր կրճատումը նաև իշխանավորի մտահոգությունը պետք է լինի․ - «Սուբսիդիաներ են տալիս սալյարկայի կամ պարարտանյութի։ Այդ սուբսիդիան այդտեղ տալու փոխարեն, թող տան վարկավորման համար վերամշակող գործարաններին»:
Հայաստանում գործում է գինու և կոնյակի 55 գործարան, որոնցից 17-ը՝ փոքր ու միջին ծավալների։
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, ով նաև փոքր արտադրություն ունի, կանխատեսում է, որ առաջիկայում փակվող գործարանների թիվը կավելանա։ Սակայն սրանից, ըստ նրա, չի տուժի խաղող աճեցնող գյուղացին: Նկատի ունենալով, որ խաղողի 80 տոկոսը մթերում են խոշոր արտադրողները՝ ասում է․ - «Չեմ հիշում մի տարի, որ գյուղացու խաղողը մնա դրսում։ Պարզապես մի տարի ավելի էժան, մի տարի ավելի ուշ են վճարել․․․ Բայց էստեղ խնդիրը փոքր ու միջին ձեռներեցների մասին է, ովքեր ռեսուրսներ չունեն այս ճգնաժամին դիմակայելու»։
Ըստ Ավագ Հարությունյանի, ստեղծված տնտեսական վիճակը աղետալի է փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Եթե խոշորներն այսօր շարունակում են վնասներով կամ զրոյական օգուտներով Ռուսաստան արտահանել արտադրանքը՝ շուկա չկորցնելու համար, ապա փոքր ու միջին արտադրողները դուրս են մղվում շուկայից։
«Հարկերը դու վճարում ես այնքան, որքան մինչև ճգնաժամը, որը որ աբսուրդ է, որովհետև դու այդքան մուտքեր չունես։ Սա է, որ դիսբալանս է առաջացնում փոքրերի ու մեծերի համար», - նշեց Հարությունյանը։
Գինեգործների միության նախագահն ասում է, որ դիմել են Կառավարություն՝ այս տարեվերջին փոքր և միջին գինեգործների համար արտոնյալ վարկեր ստանալու խնդրանքով: